Մատչելիության հղումներ

Հարազատները չեն կարողանում ապացուցել, որ 77-ամյա ծերունին մահացել է


Հինգ ամիս առաջ պապին հուղարկավորած 35-ամյա Վահե Մախսուդյանը մինչև օրս չի կարողանում սոցապ նախարարությանը ապացուցել, որ 77-ամյա ծերունին մահացել է։ Գերեզմանն ու գյուղապետի տված թուղթը նախարարության համար բավարար ապացույց չեն, պահանջում են դատաբժշկական փորձաքննության փաստաթուղթ ներկայացնել:

Ողջ կյանքը գյուղում ապրած Վահե Մախսուդյանը չգիտի՝ հուղարկավորությունից հետո ինչպես և ումից ստանա այդ թուղթը, մեկ բան, սակայն, հստակ է. եթե առաջիկա 20 օրում այն չգտնի, կզրկվի հասանելիք 200 հազար թաղման նպաստից: Երեք անչափահաս երեխա ունեցող երիտասարդն ասում է՝ հուղարկավորությունը պարտքով է արել՝ հույսով, որ նպաստի գումարով հետո կմարի։

«Ո՞նց ապացուցենք, որ էդ մարդը մահացել է»,- հարցնում է նա։

Լոռու մարզի Աթան գյուղի ամբուլատորիայի բժիշկը դեպքի հաջորդ օրը տեսել է դին, բայց հրաժարվել է մահվան պատճառի մասին վկայող փաստաթուղթ տալ՝ պնդելով, թե դա միայն դիահերձելուց հետո կտրամադրվի: Վահե Մախուսդյանը մինչդեռ պնդում է՝ հերձելու համար լրացուցիչ գումար չի ունեցել։

«Դե մեզ մոտ տենց բան չի եղել, «Շտապօգնություն», բան, տենց բան չկա։ Կա՛մ պետք է բերեինք էդ մարդուն քաղաքում դիահերձեինք, կա՛մ քաղաքից պետք է դիահերձող տանեինք, գյուղում հերձեինք, էդ էլ ծախսի հետ կապված բան ա»։

Առողջապահության նախարարի հրամանով՝ արգելվում է դիահերձումից հրաժարվել, եթե մահացածի հիվանդության ախտորոշումը հայտնի չէ: Սա հենց այդ դեպքն է, ասում է առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական քաղաքականության վարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ ըստ գյուղի բժշկի, 77-ամյա ծերունին երբևէ որևէ գանգատով իրեն չի դիմել ու որպես հիվանդ չի գրանցվել։

«Ես չեմ ուզում որևէ վատ բան որևէ մեկին ասել, բայց ոչ մեկը չի կարող բացառել, որ տվյալ դեպքում մահը կարող է վրա է հասել բռնի միջամտությունից։ Հիվանդը որևէ անգամ բժշկին չի դիմել, եթե նույնիսկ հարազատները ներկայացնեն, որ ինքը երկար պառկած է եղել, ապա որևէ հետազոտություն, անալիզ, բժշկի խորհրդատվություն չկա»,- ասաց պաշտոնյան։

Մահացածի թոռը հակառակն է պնդում՝ դեպքից երկու ամիս առաջ պապը ստամոքսի ցավից է գանգատվել, դիմել է հենց նույն բժշկին։ «Որ ոտի վրա էր, կարում էր քայլեր, գնացել է բուժկետ։ Դե եթե գրանցում էր, էդ ժամանակ էլ պետք է գրանցած լիներ»։

Առողջապահության նախարարության պաշտոնյան պնդում է՝ այսպիս հարցերը լուծվում են միայն դատարանով: Դատարանի ճանապարհը ցույց տվեցին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Չքավորության մեջ ապրող լոռեցին պնդում է՝ դատարան դիմելու համար գումար չունի, հենց գտնի՝ կշարունակի պայքարել: Մինչ այդ հստակ է՝ մահացած պապը կշարունակի մնալ ողջերի ցուցակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG