Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները կարծում են՝ ՀՀԿ-ն օգտագործում է իշխանության բոլոր ռեսուրսները


ՀՀԿ քարոզչական շտաբի նիստը, 24-ը հոկտեմբերի, 2015թ․
ՀՀԿ քարոզչական շտաբի նիստը, 24-ը հոկտեմբերի, 2015թ․

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է՝ նրանցից յուրաքանչյուրի վրա հստակ պարտականություն է դրված։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ հանրաքվեում ցանկալի արդյունք ապահովելու համար սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանն օգտագործում է իշխանության բոլոր ռեսուրսները՝ շրջանցելով օրենքը։

«Եթե կա ցանկություն ընտրությունները կեղծելու, նրանք օգտագործել են բոլոր ռեսուրսները, այդ ռեսուրսները մշտապես օգտագործել են և կեղծել են։ Մեզ համար դա նորություն չէ, կրկնություն է, բազմաթիվ ընտրությունների ժամանակ առնչվել ենք այսպիսի կրկնության հետ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Իշխանությունը այնքան կենաց-մահու խնդիր է իր համար դիտում այս փոփոխությունների անցկացումը, որ անգամ չի խորշում այն տպավորությունը թողնելուց, որ պատրաստ է ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելու այդ նպատակով»,- կարծիք հայտնեց Լևոն Զուրաբյանը։

Շաբաթ օրը իշխող Հանրապետականը ձևավորեց իր շտաբը՝ գործընթացին ներգրավելով ոչ միայն երկրի վարչապետին, այլև վերահսկողական լծակներ ունեցող մի շարք այլ պաշտոնյաների։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է՝ նրանցից յուրաքանչյուրի վրա հստակ պարտականություն է դրված։

«Ի՞նչ է նշանակում նախագահի աշխատակազմը... նշանակում է նախագահի աշխատակազմի ինստիտուտի ամբողջ կարողությունները և լծակներ պատրաստ են օգտագործել։ Ի՞նչ է նշանակում արտակարգ իրավիճակների նախարարին նույն գործի վրա դնելը։ Նշանակում է, որ պատրաստ են տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների հնարավորությունները օգտագործել այս քարոզի համար»,- ասաց Զուրաբյանը։

Սահմանադրական բարեփոխումները իշխանափոխությամբ տապալել պատրաստվող «Նոր Հայաստան» ճակատն այսօր ևս քննադատել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ձևավորված ՀՀԿ-ի քարոզչական շտաբը։

Ապօրինի համարելով կատարվածը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը միևնույն ժամանակ պնդում է՝ հանրապետականների շտաբի կազմը մեկ բանի մասին է վկայում՝ Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը «Այո»-ի քարոզարշավում միայնակ են մնացել։

«Ակնհայտ է, որ շտաբում չկան որևիցե այլ անձինք, ովքեր պետք է քարոզեն։ Փաստորեն այն, ինչ նա կազմակերպել էր սկզբնական փուլում, այն ֆոտոսեսիաները, փաստորեն տվյալ անձինք ես չգիտեմ ինչ պայմանավորվեցին, ինչ շրջանակներում բանակցեցին, ինչ առևտրեր իրականացրեցին այդ հաճախորդ-Սերժ Սարգսյան հարաբերություններում, բայց միանշանակ է, որ այս պահի դրությամբ նրանք բոլորը հեղինակազրկված են և որպես ռեսուրս չեն դիտարկվում, որ կարող են մասնակցել այդ քարոզարշավին»,- ասաց Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG