Մատչելիության հղումներ

Զուրաբյանը ԱԺ-ում բարձրացնում է ՍԴ-ի նախագահի հրաժարականի հարցը


Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ներկայացնում է իր տարեկան զեկույցը: 26-ը հոկտեմբերի, 2015թ․
Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ներկայացնում է իր տարեկան զեկույցը: 26-ը հոկտեմբերի, 2015թ․

ՀԱԿ խմբակցության ղեկավարը պնդեց, թե հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու դեպքում այդ փոփոխություններին «ոչ» ասող ուժերի իրավունքները կխախտվեն, քանի որ նիստը վարելու է այդ փոփոխությունները մշակած մասնագիտական հանձնաժողովի նախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժանականի հարցը Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր բարձրացրեց նաև խորհրդարանում:

Ելույթ ունենանալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի առիթով՝ Զուրաբյանը պնդեց, թե հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու դեպքում այդ փոփոխություններին «ոչ» ասող ուժերի իրավունքները կխախտվեն, քանի որ նիստը նախագահելու է այդ փոփոխությունները մշակած մասնագիտական հանձնաժողովի ղեկավարը:

«Այս պահի դրությամբ դեռևս չկա Սահմանադրական դատարանում վեճ: Եթե այդ վեճը լինի, և եթե լինի շահերի բախում, կամ որևէ նման անհանգստություն, կա ինքնաբացարկի ինստիտուտ, կա որևէ դատավորի չմասնակցելու ինստիտուտ», - արձագանքեց օմբուդսմենը՝ հավելելով, թե նախապես չի ցանկանում գնահատական տալ:

Անդրեասյանը նաև ասաց, որ հանրաքվեին առնչվող գործընթացներին կանդրադառնա դեկտեմբերի 6-ից հետո՝ առանձին զեկույցով:

Շարունակելով քննադատել՝ Զուրաբյանը նշեց, որ օմբուդսմենի՝ անցած տարուն վերաբերող զեկույցում որևէ անդրադարձ չկա սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող եռյակի նկատմամբ ճնշումներին, ու հիշեցրեց բռնության մի քանի կոնկրետ դեպքեր:

Օմբուդսմենը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը․ ասաց, որ բռնության առանձին դեպքերին իրենք անդրադարձել են, իսկ եռյակի նկատմամբ ճնշումների մասին պնդումները «քաղաքական գնահատականներ են»․ - «Ես կարող եմ միայն ասել, որ ո՛չ Հայ ազգային կոնգրեսի, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կոնկրետ գանգատ այդ ճնշումների և բռնարարքների մասին չեմ ստացել: Հրապարակային ելույթները, քաղաքական հայտարարությունները մեզ համար վարույթ հարուցելու հիմք չեն»:

Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր»), պնդելով, թե Հայաստանում ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում, հարց ուղղեց Կարեն Անդրեասյանին, թե ինչպես է հնարավոր պայքարել դրա դեմ:

Ի պատասխան օմբուդսմենի արձագանքին, թե գաղտնալսման կոնկրետ դեպքեր չկան, Բիշարյանն ասաց․ - «Ես ասում եմ՝ իմ հեռախոսը գաղտնալսվում է․․․ Ինչո՞ւ համար՝ չգիտեմ»:

«Ձեր հայտարարությունը այս պահին ես կարող եմ ընդունել որպես բանավոր դիմում, և հենց այսօր մենք վարույթ կհարուցենք», - վստահեցրեց Կարեն Անդրեասյանը:

Ընդհանուր առմամբ այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումը ամեն ինչից խոսելու առիթ դարձավ։

Ընդդիմադիրները բարձրացրեցին սոցիալական վիճակին, արտագաղթին, հարկադիր ծառայության կողմից կիրառվող կալանքներին, աղքատությանը առնչվող հարցեր։ Քննադատեցին նաև Կարեն Անդրեասյանին:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ժողովուրդը օմբուդսմենից ավելին է ակնկալում․ - «Միգուցե նաև պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ձեր մանդատը օժտված լինի ավելի կոշտ, պինդ ու ամուր մահակով հարվածներ հասցնելու պատասխանատուների գլխին»:

Իսկ Արամ Մանուկյանը (ՀԱԿ) օմբուդսմենին խորհուրդ տվեց պաշտպանվելու փոխարեն հարձակվել, լինել երկրի թիվ մեկ ընդդիմադիրը, քանի որ շատերը Հայաստանից արտագաղթում են նաև իրենց իրավունքների պաշտպանվածության պակասից․ - «Դուք նշում եք երևույթը, բայց անուններ չեք նշում․․․ Սուրիկ Խաչատրյանի համար կարելի է ֆիլմեր նկարահանել, կրիմինալիստիկայի պատմության մեջ մտցնել, թե ինչպես կարող է պաշտոնյան օգտագործել իր իրավունքները մարդկանց ճնշելու, մարդկանց ահաբեկելու, հանցագործություններ կատարելու համար: Ռուբեն Հայրապետյանի համար տրիլլեր կարելի է նկարահանել: Իր գործունեությունը Ձեր համար պիտի լինի հիմնական թիրախ»:

Հանրապետական պատգամավորները Մանուկյանի հայտարարությունը անարձագանք չթողեցին․ Վահրամ Մկրտչյանը խորհուրդ տվեց քաղաքական հայացքները թողնել մի կողմ և զեկույցից խոսել:

Իսկ Մարգարիտ Եսայանը շտապեց օմբուդսմենին ընդդիմադիր դաշտից հետ բերել․ - «Մենք և՛ իշխանություն ունենք, և՛ օպոզիցիա, օմբուդսմենը պետք է լինի էդ երկուսի մեջտեղում»:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը պնդեց՝ արդեն մի քանի տարի է նույն խնդիրներն են զեկույցներում, տարբեր գերատեսչություններ ընդունում են, որ շտկելու հարցեր կան, բայց քայլեր չեն ձեռնարկում։

Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) փաստեց, որ քիչ բան է փոխվում, ապա դիմեց Անդրեասյանին․ - «Աշխատանքից, ես ենթադրում եմ, որ հաճույք չեք ստանում: Որովհետև չեք կարողանում կոնկրետ խնդիրը լուծել: Ցանկություն չե՞ք ունենում հրաժարական տաք այդ պաշտոնից»:

Օմբուդսմենը, նշելով, թե երբ հարյուր մարդուց գոնե մեկին կարողանում է այսօր օգնել, դա իրեն «այնքան հաճույք է պատճառում, որ կարողանում է փակել մնացած բոլոր դժվարությունները», հայտարարեց, որ պաշտոնից հրաժարվել չի պատրաստվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG