Մատչելիության հղումներ

Գյումրիի համայնքային գույքը կալանքի տակ է դրվել 745 հազար դրամի համար


Գյումրիի գլխավոր հրապարակը երեկոյան, արխիվ
Գյումրիի գլխավոր հրապարակը երեկոյան, արխիվ

Հանրապետության երկրորդ քաղաքի համայնքային գույքը երեկվանից կալանքի տակ է. Հարկադիր կատարման ծառայությունը նման որոշում է կայացրել 745 հազար դրամի համար։

Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը պնդում է, որ ոչ միայն գույքը չեն կարողանում օգտագործել, այլև խափանվել են մի շարք քաղաքաշինական և այլ ծրագրեր։

«Գտնում եմ, որ ԴԱՀԿ ծառայության կողմից ընդամենը 745 հազար դրամի համար քաղաքապետարանի հանդեպ նման ծայրահեղ միջոցի դիմելը, մեղմ ասած, սխալ է»,- ասում է Մխիթարյանը։

745 հազար դրամը Գյումրու քաղաքապետարանը պարտավոր է վճարել քաղաքացի Տարոն Գասպարյանին։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին տարիներին քաղաքապետարանը հենց նրան 99 տարով վարձակալության է հանձնել քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ և գլխավոր հրապարակը՝ ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար։ Սակայն երբ իշխանության է եկել Սամվել Բալասանյանը, քաղաքապետարանը պայմանագիրը լուծարելու հայց է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ կնքված պայմանագրով համայնքային բյուջե շատ քիչ գումար է փոխանցվում։

Ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարանները հօգուտ քաղաքապետարանի են որոշում կայացրել, մինչդեռ Վճռաբեկ դատարանը օրերս որոշել է, որ պայմանագիրը չպետք է լուծարվի։ Գյումրու իշխանությունները վճիռն անհիմն են համարում։

«Եվ էդ գործով էլ որոշվեց, որ որպես դատական ծախս՝ հօգուտ Տարոն Գասպարյանի գանձվի 745 հազար դրամ»,- պարզաբանեց Վաղարշակ Մխիթարյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ սա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք կնքված շինծու գործարք է՝ անիրագործելի դրույթներով. օրինակ, գրված է, թե վարձակալողը պետք է կառուցապատի ավտոկայանատեղին։

«Զավեշտը այն էր, որ հրապարակի հատվածները, բանուկ փողոցների հատվածները նման ձևով տվել էին կառուցապատման իրավունքով անձին, որն էլ ընդամենը չնչին գումար էր վճարում տարեկան։ Բայց ոչինչ չի կառուցել, փողոցի վրա նա ի՞նչ պիտի կառուցեր»,- ասում է Մխիթարյանը։

Հարկադիր կատարման ծառայության կալանքը վերացնելու համար Գյումրու քաղաքապետարանը առաջիկայում 745 հազար դրամը կվճարի, մինչդեռ սա ծայրահեղ քայլ են համարում և կարծում են, որ հարցը կարելի էր այլ եղանակով լուծել։

Հարկադիր կատարման ծառայության մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործողությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի շրջանակներում է կատարվել, որպես հիմք էլ նշեց դատավճիռների հիման վրա տրված կատարողական թերթիկները։

Այսքանով, սակայն, պատմությունը չի ավարտվի. Գյումրու քաղաքապետարանում ավտոկայանատեղիները Տարոն Գասպարյանից վերադարձնելու հարցում վճռական են, կրկին դատարան են դիմել, այս անգամ՝ ապացուցելու, որ գործարքը շինծու էր։

«Դա բոլորին էլ հասկանալի է, որ փողոցի վրա ոչ մի կառույց չէր կարող կառուցվել։ Համոզված եմ, որ մենք անպայման արդյունքի կհասնենք, և կայանատեղիների տեղական տուրքի գումարը կգնա համայնքային բյուջե»,- ասաց փոխքաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG