Մատչելիության հղումներ

Սահակյան. Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցողի առնչությամբ


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Հայաստանում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: «Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել», - ասել է Սահակյանը:

Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական գործակցության մասին՝ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին և մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Գալուստ Սահակյանը նկատել է, որ թե՛ Հայոց ցեղասպանության և թե՛ աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ և այլ երևույթներ:

Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ համագործակցության մասին՝ Սահակյանը վստահեցրել է, որ Հայաստանի խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:

«Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար, և խնդրում եմ Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհակալությունը փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին», - ասել է Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը։

Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG