Մատչելիության հղումներ

Փաստաբանը կարևորում է ՄԻԵԴ վճիռը դատավորների իրավունքների պաշտպանության տեսանկյունից


Վահե Գրիգորյանը շեշտում է՝ դժվար է ակնկալել պաշտպանություն մարդկանցից, ովքեր իրենք պաշտպանության կարիք ունեն։

Սա շատ խորհրդանշական գործ է, շատ կարևոր գործ է՝ ուղղված դատավորների, դատավորական համայնքի անդամների իրավունքների պաշտպանությանը, որովհետև դժվար է ակնկալել պաշտպանություն մարդկանցից, ովքեր իրենք պաշտպանության կարիք ունեն։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճռին՝ հօգուտ աշխատանքից հեռացված դատավորի։

Հիշեցնենք՝ Եվրադատարանը որոշել է, որ Անահիտ Սաղաթելյանի իրավունքները խախտվել են, երբ 2004 թվականին նրան հեռացրել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից, և Հայաստանի Հանրապետությունը պետք է 4 հազար 900 եվրոյին համարժեք տուգանք վճարի նրան։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ վճռով ոչ միայն դատավորական համայնքի ներկայացուցիչների անկախությանը միջամտության անթույլատրելիության կարևոր հարցն է բարձրացվում, այլև սա վերաբերելու է նաև այսօր փաստաբանական համայնքում առկա իրավիճակին։

Նշենք, որ օրերս հինգ տասնյակ փաստաբաններ ու իրավապաշտպաններ հայտարարություն էին տարածել՝ պնդելով, թե Փաստաբանների պալատի վարչական աշխատակիցները մասնակցում են պալատի նախագահին քննադատած փաստաբանների դեմ քարոզչական արշավին։ Հայտարարության հեղինակները մի շարք պահանջներ են ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ակնկալելով նաև բացատրություն, թե արդյոք վերջինս մասնակցել է փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի մասին հոդվածներ պատվիրելու միջադեպին։ Փաստաբանները պատասխան են ակնկալում հնգօրյա ժամկետում:

«Ազատության» հարցին, թե Փաստաբանների պալատի նախագահն արձագանքե՞ց պահանջներին, Գրիգորյանը պատասխանեց. - «Երկու տեսակի արձագանք եղավ. ըստ էության, անմիջական արձագանքն իրեն շատ սպասել չտվեց՝ որոշ փաստաբանների նկատմամբ սկսվեց անձնական բնույթի անընդունելի ոճով և տոնայնությամբ, դժվարությամբ կասեի՝ քննադատության, ավելի շատ՝ վիրավորանքների տարափը, ընդ որում՝ դա սկսեց մթնոլորտ դառնալ։ Ըստ երևույթին, դա ծագեց նրանից, որ որոշ փաստաբանների մոտ սխալմամբ կարծիք ձևավորվեց, որ Փաստաբանների պալատի նախագահին պահանջներ ներկայացնելը և պարզաբանումներ պահանջելը համարվում է անձնական բնույթի հարձակում կամ չգիտեմ ինչ: Շատ սխալ մտայնություն է, որը, ցավոք սրտի, փաստաբանների համայնքում ձևավորվել է և շարունակում է մնալ»։

Փաստաբանը միևնույն ժամանակ նշեց, որ վերջին երկու օրերի ընթացքում որոշ քայլեր արդեն տեսնում են՝ ձեռնարկված Արա Զոհրաբյանի կողմից։ «Այնտեղ ժամկետի մասին խոսք կար՝ հնգօրյա ժամկետ, և այդ ժամկետի ընթացքում, փաստորեն, որոշ քայլեր ձեռնարկել են, մասնավորապես՝ աշխատակազմի աշխատակիցների զսպվածության վերաբերյալ՝ կոնկրետ պահանջներ նախատեսող հրամանագիր, խոսնակի նկատմամբ՝ կարգապահական վարույթի հարուցում, ինչպես նաև լրատվական քաղաքականության ճշգրտման հետ կապված կանոնակարգում, ինչն ամբողջությամբ այն չի, ինչ մենք ակնկալում ենք, և շատ փոքր տոկոսն է։ Բայց եթե այս ամենի արդյունքը տանում է խնդիրների անմիջական լուծման, սա ինքնին արդեն ցուցիչ է, որ խնդիրները լուծելու հեռանկար ունեն հենց փաստաբանների միջև փոխըմբռնման մթնոլորտում», - ասաց Գրիգորյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ իրենց մասնագիտական գործունեությունն ուղղված է արդարադատության իրականացման վերջնական արդյունքին։ «Մեծ հաշվով, փաստաբանական համայնքի հեղինակությունն ուղղակիորեն կապված է արդարադատության իրականացման արդյունքի հետ», - նշեց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG