Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական պատասխանատու հանգրվանին. նախագահ


Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը համագումարում հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, թե Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը հասել է հերթական պատասխանատու հանգրվանին։

«Անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք»,- ասել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև առաջիկա սահմանադրական հանրաքվեին՝ ասելով, թե այդ կերպ Հայաստանը շարունակում է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը:

«Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն է՛լ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը: Հանրաքվեն դիտարկելու համար մենք հրավիրել ենք ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների. վստահ եմ, որ ձեր մասնակցությամբ և ձեր լավագույն փորձով է՛լ ավելի կխթանեք Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG