Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակները հարձակումների թիրախ են դարձել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր կուսակցության գրասենյակները հարձակումների թիրախ են դարձել։

«Ազատություն» ռադիոկայանի Վրաստանում աշխատող թղթակցի փոխանցմամբ՝ վերջին դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան վրացական Փոթի քաղաքում։ Մի խումբ ակտիվիստներ հարձակվել են նախկին նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա։ Ոստիկանությունը, սակայն, որևէ կերպ չի միջամտել տեղի ունեցածին՝ այն դեպքում, երբ ձվերի և լոլիկների թիրախ դարձած գրասենյակը գտնվում է Փոթիի վարչակազմի շենքի դիմացի մայթին։

Նմանօրինակ միջադեպեր տեղի են ունեցել նաև Գորիում, Քութաիսիում, Թելավիում և երկրի այլ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիում։ Հաղորդվում է, որ նախկին նախագահի կուսակցության՝ Փոթիում գտնվող գրասենյակի վրա հարձակմանը մասնակցել են «Ազգային շարժում ռեժիմի քաղբանտարկյալները» միավորման ակտիվիստները, որոնք ազատ են արձակվել իշխանափոխությունից հետո։ Փոթիում երեքշաբթի օրը տեղի ունեցած այդ միջադեպը թվով վեցերորդն է վերջին մի քանի օրվա ընթացքում։

Նախօրեին էլ Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաքում՝ Քութաիսիում, մի քանի հոգի ներխուժել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակ՝ պահանջելով դադարեցնել ընդդիմադիր կուսակցության «ֆաշիստական շարժումը, որը բազմաթիվ հանցագործություններ է կատարել»։ Ոստիկանության հետ ընդհարման ընթացքում մեկ հոգի կարճ ժամանակով բերման էր ենթարկվել։ Ընդդիմադիրները փախուստի են դիմել։

Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպը շատ ավելի լուրջ էր. ընդդիմադիր կուսակցության հակառակորդները ծեծի են ենթարկել «Թաբուլա» հեռուստաընկերության լրագրողներից մեկին։

Վրաստանում ստեղծված այս մթնոլորտի պատճառը հինգ տարվա վաղեմության սարսափազդու տեսանյութերի հրապարակումն է. վրացական բանտերում կալանավորների նկատմամբ բռնությունները փաստող այդ տեսանյութերը Սաակաշվիլիի ընդդիմախոսների համար ինը տարի երկիրը ղեկավարած ռեժիմի էության պարզ լյուստրացիա են։ Հենց այդ պատճառով էլ նախկինում իշխող կուսակցության գրասենյակի վրա ոչ միայն ձվեր և լոլիկներ են նետել, այլ նաև ավելներ՝ հիշեցնելով 2012-ին տեղի ունեցած աղմկահարույց սկանդալի մասին՝ կապված Գլդանի համար 7 բանտում ստորացման և բռնությունների դեպքերի հետ։ Կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող այդ կադրերը, հիշեցնենք, առաջին անգամ համացանցում հայտնվեցին 2012 թվականին և Վրաստանում առաջացրեցին աննախադեպ հանրային ընդվզում, որը հանգեցրեց խորհրդարանական ընտրություններում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտությանը։

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցության գրասենյակների վրա հարձակումների «ռեժիսորները իշխանություններն են», որոնք նաև հեղինակել են սկանդալային կադրերի հրապարակումը։ Այլապես, Դարչիաշվիլիի կարծիքով, դժվար է բացատրել, թե ինչու այդ տեսարանները նկարահանած անձանցից և ոչ մեկը չպատժվեց «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG