Մատչելիության հղումներ

Պետդումայի պատգամավորները վտանգ են զգացել ֆրանսիական երկնքում


Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսական կողմը պնդում է, որ Նարիշկինի գլխավորած պատվիրակության ինքնաթիռի կողքով անցել է ֆրանսիական ԶՈւ ռազմական ինքնաթիռ: Ֆրանսիական կողմը հերքում է։

Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ժնև ուղեկցվել է սկանդալով։

Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ, երեկ ուղևորվել է Շվեյցարիա՝ Միջխորհրդարանական միության 133-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության Ժնև ժամանելուն պես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս խորհրդարանականներին տեղափոխող ինքնաթիռի կողքով անցել է ֆրանսիական զինված ուժերի ռազմական ինքնաթիռ: Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, ֆրանսիական օդանավը եղել է ռուսական պատվիրակության ինքնաթիռին «վտանգավոր մոտ»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը բացատրություններ ստանալու ակնկալիքով հրավիրել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և «խորը մտահոգություն» հայտնել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ռուսական կողմն անգամ կասկածի տակ է դրել այսուհետ Ֆրանսիայում պաշտոնական հանդիպումների հնարավորությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հերքել է ռուսական կողմի մեղադրանքները՝ նշելով, որ Նարիշկինի ինքնաթիռի կողքով անցել է շվեյցարական F18 ինքնաթիռը։ Ֆրանսիական կողմը պնդում է, որ ոչ մի ֆրանսիական ինքնաթիռի մասին խոսք լինել չի կարող:

Նարիշկինի խոսնակ Եվգենիա Չուգունովան France-Presse գործակալությանը հայտնել է, թե ինքնաթիռն այնքան մոտ է եղել, որ պատվիրակության անդամներն անգամ կարողացել են լուսանկարել: «Ես կարող եմ հաստատել, որ այդ միջադեպում ընդգրկված է եղել ֆրանսիական ռազմական ինքնաթիռ», - ասել է Չուգունովան՝ ընդգծելով, որ ինքնաթիռը «շատ մոտ է եղել»:

Մինչդեռ, Նարիշկինն ասել է, թե իր նստած տեղից չի երևացել ռազմական ինքնաթիռ, ինքն անձամբ չի տեսել:

Պատվիրակության մեկ այլ անդամ՝ Սերգեյ Գավրիլովն ասել է, թե ինքնաթիռը եղել է իրենցից 3 կիլոմետր 700 մետր հեռավորության վրա, և իրավիճակը բացատրել է «ՆԱՏՕ-ի ոչ բարեկամական գործողությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG