Մատչելիության հղումներ

Այսօր կհրապարակվի առաջիկա հանրաքվեում Հանրապետականի շտաբի ղեկավարի անունը


Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի արտահերթ նիստում հայտնի կդառնա, թե ով է ղեկավարելու իշխող ուժի շտաբը սահմանադրական բարեփոխումների առաջիկա հանրաքվեում: Այս պահին շրջանառվող հիմնական թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով մի քանի օր առաջ հաստատել է՝ Հանրապետականի «այո»-ի շտաբը առանց իրեն չի գործի:

Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու հարուստ փորձ ունի՝ 2008 և 2013 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, 2012-ի խորհրդարանական ընտրություններին էլ Հանրապետականի շտաբի պետն է եղել, և ի դեպ՝ այս դեպքում պաշտոնը ստանձնելուց հետո նա ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց։ Այս անգամ, սակայն, վարչապետն արդեն ակնարկել է՝ եթե նրա թեկնածությունը հաստատվի, հրաժարական չի տա։

Շտաբի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը։ Չնայած նա Հանրապետական կուսակցության անդամ չէ, բայց մասշտաբային միջոցառումների կազմակերպման փորձ ունի, հենց նա է համակարգել Հայաստանի անկախության քսանամյակի և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ թեկնածուներ շատ ունեն, պետք է քննարկեն։ Այն հարցին էլ, թե արդյոք Սերժ Սարգսյանը ակտիվ մասնակցություն կունենա «այո»-ի քարոզարշավին, Բաղդասարյանը արձագանքեց՝ դա էլ դեռ չեն քննարկել, բայց նախագահը գործընթացին հետևելու է։

«Պիտի հետևի, որպեսզի ընտրությունները անցնեն բարձր մակարդակով, որովհետև Սահմանադրության պատասխանատուն Հանրապետության նախագահն է», - նշեց նա:

Խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», նույնպես քարոզարշավին է պատրաստվում, առաջիկա օրերին հայտնի կդառնա նաև շտաբի պետի անունը։

«Կարծում եմ՝ կլինի Աբրահամ Մանուկյանը, բայց մենք պետք է դեռևս պաշտոնական որոշումը ընդունենք», - մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կազմակերպչական հարցերն է համակարգում, մինչ այդ՝ 2003-2007 թվականներին, Հանրապետական խմբակցության անդամ էր։

Պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ չնայած Գագիկ Ծառուկյանը հեռացել է, բայց իրենք քարոզչության համար անհրաժեշտ ռեսուրսներ ունեն։

«Այո»-ի շտաբ է ստեղծել նաև Դաշնակցությունը․ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ շտաբը մեկ ղեկավար չունի, ղեկավարությունը ստանձնել է կուսակցության Գերագույն մարմինը։ Բոլոր մարզերում նոյեմբերից հանդիպումներ կանցկացնեն, այդ նպատակով արդեն 5 խումբ են ստեղծել։

«Պատասխանատուները այդ խմբերի՝ պարոն Ռուստամյանը, ես, Արծվիկը Մինասյան, Արսենը Համբարձումյան, Լևոն Մկրտչյանը», - մանրամասնեց Վարդանյանը:

Սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասող ուժերից առաջին և այս պահին միակ շտաբը բացել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Ղեկավար է նշանակվել խորհրդարանական ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Ոչ»-ի ճակատը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն առաջարկել էր ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» շտաբների աշխատանքները համակարգող մարմին ստեղծել, ՀԱԿ-ը համաձայնել է, մինչդեռ «Ժառանգությունը» դեռ շտաբ չի ստեղծել։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատությանը» ասաց, որ հնարավոր է՝ ընդհանրապես շտաբ չբացեն, քարոզարշավին մասնակցելու են՝ «Նոր Հայաստան» շարժման հետ, ոչ թե «ոչ»-ի, այլ իշխանափոխության քարոզ են անելու՝ թեև կաջակցեն նաև «ոչ»-ի ճակատին։

«Չե՛ք անցկացնի»-ի մեր երիտասարդ գործընկերները կարծեք թե կենտրոնացել են հանրաքվեի օրվա վրա՝ տեղամասերն են փորձում որոշակի ձևով պահել: Այդ չափազանց բարդ գործում մենք մեր օժանդակությունը, բնականաբար, կբերենք», - նշեց Մարտիրոսյանը:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ «Հայկական վերածնունդ» միավորումը նույնպես առանձին շտաբ է ստեղծելու։ Շարժումը, որի մաս է կազմում նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը, հայտարարություն է տարածել, որտեղ պատրաստակամություն է հայտնում համագործակցել նույն դիրքորոշումն ունեցող այլ շարժումների հետ։

XS
SM
MD
LG