Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Ժնևում հանդիպել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ։
Սահակյանը Ժնևում է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային հարթակներում և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Գալուստ Սահակյանն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, որը, ըստ նրա, կարևոր է փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում:
Նաբիհ Բըրրին վստահեցրել է, որ Լիբանանը Հայաստանի կողքին է: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Լիբանանի խորհրդարանի ղեկավարը, Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վերահաստատել է իր վերաբերմունքը. - «Լիբանանն այս հարցում էլ է աջակցում Հայաստանին»:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բըրրին նշել է, որ «սպառված են խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման բոլոր հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է Սիրիայում պարզապես ուժով դադարեցնել տեղի ունեցող վայրագությունները»:
Սահակյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր: