Գերմանիան պատրաստ է նոր լիցք հաղորդել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կիսասառեցված գործընթացին: Փոխարենը, թուրքական իշխանությունները խոստանում են համագործակցել եվրոպական պետությունների` նախևառաջ Գերմանիայի հետ, ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կանոնակարգելու և սահմանափակելու ուղղությամբ:
Այսպես կարելի է բնութագրել այն հիմնական արդյունքները, որոնց կարողացավ հասնել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում երեկ կայացած բանակցությունների ընթացքում:
«Թուրքիան և Եվրամիությունը համաձայնել են, որ Թուրքիայի անդամակցության խնդրի շուրջ շատ ավելի սերտ համագործակցություն է հարկավոր ծավալել: Համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին նոր լիցք հաղորդելու, ինչպես նաև Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման և անօրինական ներգաղթյալների հետընդունման` ռեադմիսիայի պայմանագրերի շուրջ բանակցություններն ակտիվացնելու վերաբերյալ», - հայտարարում էր Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Թուրքիայի նախագահը ևս նշում էր, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը իր երկրի` Եվրամիությանն անդամակցելու հարցն էր:
«Ես անձամբ եմ խնդրել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի ղեկավարներին, որպեսզի Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հայտի շուրջ բանակցությունները ակտիվ փուլ մուտք գործեն», - ասում էր Էրդողանը:
Թուրքական մամուլի տեղեկություններով՝ Բեռլինի և Անկարայի միջև ձեռք բերված համաձայնության հիմնական մանրամասները քննարկվել են Անգելա Մերկելի և նրա թուրք պաշտոնակցի` Ահմեթ Դավութօղլուի հանդիպման ժամանակ: Hurriyet-ի տեղեկություններով, Եվրամիությունը պատրաստ է 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային` երկրի տարածքում գտնվող սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: Բացի այդ, Բրյուսելում պատրաստ են Թուրքիայի ղեկավարներին այսուհետ հրավիրել Եվրամիության անդամ պետությունների գագաթնաժողովներին, վերսկսել անդամակցության մասին բանակցությունները` վերաբացելով բանակցային փաթեթի սառեցված գլուխները: Սրան էլ գումարած՝ Եվրամիությունը պատրաստ է ավարտին հասցնել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ տարիներ շարունակ ձգձգվող քննարկումը:
«Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ մինչև սիրիական ճգնաժամը: Նախապես մենք պայմանավորվել էինք, որ այս գործընթացը ավարտին կմոտենա 2017 թվականին, սակայն այժմ արդեն նոր ժամկետ է սահմանվել` 2016-ը: Մենք հուսով ենք, որ շենգենյան համաձայնագիրն ու ռեադմիսիայի մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնեն արդեն 2016-ի հուլիսին», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:
Այս բոլոր զիջումների դիմաց էլ թուրքական իշխանությունները խոստանում են վերջ տալ երկրի տարածքով անօրինական ներգաղթյալների հոսքին դեպի Եվրոպա:
«Թուրքիան պատրաստ է պայքարել անօրինական ներգաղթի, մարդկանց թրաֆիքինգով զբաղվող անձանց դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր շահագործում են հուսալքված փախստականներին: Թուրքիան և Գերմանիան պատրաստ են համատեղ աշխատել հանուն օրինական և կանոնակարգված ներգաղթի», - հայտարարում էր Դավութօղլուն:
Թուրքական ընդդիմությունը, սակայն, կտրուկ կերպով քննադատում է Գերմանիայի դաշնային կանցլերի կիրակնօրյա այցը Ստամբուլ:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առանցքային անդամներից մեկը հայտարարում էր․ - «Այն փաստը, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Մերկելը նույնիսկ չփորձեց հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ, տպավորություն է ստեղծում, որ նա մասնակցում էր [«Արդարություն և զարգացում» կուսակցության] քարոզարշավին»:
Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նազմի Գյուրի գնահատականն անհամեմատ ավելի կոշտ էր․ - «Մերկելն Էրդողանի հետ կեղտոտ գործարք կնքեց, որի էությունը մոտավորապես հետևյալն է` «թույլ մի՛ տվեք, որ փախստականները ձեր տարածքով անցնեն Եվրոպա, և փոխարենը ստացեք 3 միլիարդ եվրո»: