Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին Եվրոպական գործարար ասոցիացիայի հիմնադրման առթիվ կազմակերպված միջացառմանը Հայաստանի իշխանություններին կոչ արեց բարելավել երկրի գործարար միջավայրը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, նա մասանավորապես, նշեց․ «Մենք պետք է միասին աշխատենք՝ Հայաստանում գործարար-միջավայրը բարելավելու համար: Այն, ինչ պետք է արվի, հետևյալն է՝ գործարարների համար կյանքը պարզապես դյուրին դարձրեք: Պարզ բաներ՝ տնտեսության զարգացման համար տեսլական տվեք, ապահովեք թափանցիկություն և կանխատեսելի կանոններ, օրենքի իշխանություն՝վստահելի, արդյունավետ և արդարացի դատական համակարգի հետ մեկտեղ ու պայքարեք կոռուպցիայի դեմ: Հայաստանն ունի բավարար ներուժ նորարության համար, փայլուն մարդիկ՝ գործարարության համար լավ գաղափարներով: Արտաքին ներդրումներ նույնպես կլինեն: Սրանք պարզ բաներ են, որ պետք է արվեն, ու Եվրամիությունը պատրստ է օգնել»:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին պաշտոնապես կմեկնարկեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Եվրամիություն-Հայաստան բանակցությունները: Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդն այս շաբաթվա սկզբին լիազորեց Եվրահանձնաժողովին՝ Հայաստանի հետ սկսել այդ բանակցությունները:
Եվրոպական միությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսներին փոխադարձ առևտուրը կազմել է 786.8 միլիոն դոլար, ինչը կազմում է Հայաստանի ողջ արտաքին առևտրի 25.9 տոկոսը:
Հայաստանում Եվրոպական գործարար ասոցիացիան հիմնադրվել է առևտրաարդյունաբերական և գործարարության չորս՝ հայ-ֆրանսիական, հայ-բրիտանական, հայ-գերմանական և հայ-իտալական պալատների միավորման արդյունքում: Հայ-բրիտանական գործարարության պալատի համահիմնադիր Արմինե Իսրայելյանի խոսքով, անհրաժեշտ էր միավորել ուժերը:
«Կարիք կար ավելի սերտ հարաբերություններ սկսել եվրոպական երկրների և ասոցիացիաների հետ, խթանել ներդրումները, ստեղծել նոր որակ՝ տնտեսական հարաբերություններում»,- ասաց Իսրայելյանը:
Հայ-ֆրասնիական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Էլոդի Բիոլեյի պարզաբանմամբ, Եվրոպական գործարար ասոցիացիան հիմնադրեցին, որպեսզի Հայաստանի կառավարության հետ խոսելու ժամանակ ավելի մեծ կշիռ ունենան:
«Հայաստանում գործող եվրոպական ընկերությունները դիմում են մեզ՝ իրենց խնդիրների, դժվարությունների կապակցությամբ: Խնդիրներ առաջանում են, օրինակ, հարկերի վճարման կամ ապրանքների մաքսազերծման ժամանակ: Լինում են դեպքեր, երբ այդ ընկերությունները դժվարանում են լուծել այդ խնդիրները, դիմում են մեզ, որպեսզի մենք խոսենք Հայաստանի իշխանությունների հետ, մենք էլ աջակցություն ենք ցուցաբերում»,-ասաց Էլոդի Բիոլեյը: