Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել ու վնասել են Իգդիրի Թուզլուջա քաղաքի՝ պատմական Կողբի մուտքի կամարին տեղադրված հայերեն «Բարով եկաք» և «Ցտեսություն» գրության տառերը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը՝ վկայակոչելով թուրքական İhlas լրատվական գործակալության հաղորդագրությունը:
Թուրքական գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողները քառալեզու՝ թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն գրությունից պոկել են միայն հայերեն տառերը:
Այսօր առավոտյան ոստիկանությունը մատնահետքեր է վերցրել վնասված տառերից ու հետաքննություն սկսել:
Ermenihaber.am-ը նշում է, որ Թուրքիայում գործող «Իգդիրը Ադրբեջանի տուն» անվամբ միությունը ավելի վաղ նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ընդդեմ հիշյալ հայերեն գրության:
Ըստ նույն աղբյուրի, մեկ ամիս առաջ տեղադրված քառալեզու գրությունը մեկնաբանելիս համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը հատուկ անդրադարձել էր հայերեն գրությանը՝ ասելով. - «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից առաջ Թուզլուջան հայկական բնակավայր է եղել: Հայաստանի հետ հարևան գավառ է: Կյանքը միշտ չէ, որ այսպես է շարունակվելու: Մենք այստեղ հայկական գերեզմանոց ունենք: Մեր սարահարթի անվանումը հայկական յայլա է: Այստեղի շատ վայրերի անունները հայերեն են: Այստեղ ապրած հայ բնակչությունը շրջանի կառուցման գործում մեծ ավանդ է ունեցել: Հայերեն գրությունն ավելացրել ենք որպես հարգանքի տուրք այդ ամենին»: