«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխավոր կասկածյալն է անցած շաբաթ օրը Անկարայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Հարձակման պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել, թուրքական կառավարության կարծիքով՝ պայթյուններն իրականացրել են երկու ինքնասպան ահաբեկիչներ: Վերջին պաշտոնական տվյալներով՝ ռմբահարումների հետևանքով զոհվել է 97, իսկ ըստ հարձակման ենթարկված ակցիայի կազմակերպիչների՝ 128 մարդ:
Թուրքիայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանի մոտ հավաքված ցուցարարները պատրաստվում էին ակցիա անցկացնել կառավարական ուժերի և Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների միջև բռնություններին վերջ տալու կոչով, երբ որոտացել են երկու պայթյունները:
Դավութօղլուն թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ռմբահարումները առաջիկա՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների վրա ազդելու փորձ էին:
Զոհերից շատերը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ակտիվիստներ էին, որը հայտարարել է, որ այժմ քննարկում է նախընտրական հանրահավաքներ անցկացնելու ծրագրերը չեղյալ հայտարարելու հարցը: