Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց ՏՏ զարգացման բնագավառում


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը:

«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: 2008-2014 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

Հովիկ Աբրահամյանի խոսքով, անցյալ տարի ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: «Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր», - նշել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և նշել, որ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ։ «Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը», - շեշտել է վարչապետը։

Կառավարության լրատվականի հաղորդագրությունում նշվում է, որ «ԱրմԹեք» առաջին համաժողովը կայացել է 2007 թվականին Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը` այդ գործընթացում ներգրավելով նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների:

Այս տարի առաջին անգամ, հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում: Այն կազմակերպվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG