Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է «Ոչ»-ի ճակատին միանալու մասին


«Ժառանգության» առաջնորդը ողջունում է իր համակիրներին Ազատության հրապարակում, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2014թ.
«Ժառանգության» առաջնորդը ողջունում է իր համակիրներին Ազատության հրապարակում, Երևան, 24-ը հոկտեմբերի, 2014թ.

Ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարություն է տարածել՝ սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատին միանալու մասին։

Նա դատապարտում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը՝ այն անվանելով «ժողովրդի արժանապատվությանն ուղղված մարտնչող հեգնանք ու կամայականություն»։

«Ոչ միայն ինքը, այլ նաև այն հաստատությունները, որոնք ինքն է ստեղծել, որոնցից մեկն էլ «Ժառանգությունը» կուսակցությունն է, մասնակցելու են և իրենց աջակցությունն են հայտնելու այս պայքարին՝ և՛ «Նոր Հայաստան»-ի, և՛ «Չե՛ք անցկացնի» երիտասարդական նախաձեռնությանը»,- հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը, տարբերություն չդնելով «Ոչ»-ի երկու ճակատների միջև, նախաստորագրել է միաժամանակ երկուսի հայտարարությունները, բայց «Նոր Հայաստան»-ի պարագայում «Ժառանգություն»-ը մասնակցում է նաև որոշումների կայացմանը։

«Մենք երկուսում էլ ակտիվ լինելով՝ մարտավարական առումով, որոշումների ընդունման առումով մասնակցում ենք «Նոր Հայաստան»-ին, որովհետև այնտեղ կա որոշումների ընդունման մեխանիզմ, որտեղ մենք կանք։ Երկրորդ դեպքում դա երիտասարդական «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն է, որին մենք մեր աջակցությունը հայտնում ենք»,- ասաց կուսակցության փոխնախագահը։

«Ժառանգության» տարածած հաղորդագրության համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատում է «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» բանաձևին և իր հիմնադրած բոլոր կառույցների միջոցները դրել է «ազատ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի»՝ ստեղծված «Ոչ»-ի երկու ճակատների տրամադրության տակ:

«Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է, ըստ էության, մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը», - հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը:

«Պարոն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ դրա մասին՝ որպես 2013 թվականին ընտրված նախագահ հայտարարեց, և պետք է նշեմ՝ ակնհայտ է, որ միասնական պայքարը միշտ ավելի մեծ հաջողության է բերում, քան առանձին պայքարները»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգություն»-ը նոր Սահմանադրության ընդունումը աղետալի է համարում. Մարտիրոսյանի խոսքով՝ այն իշխանության ու մասնավորապես Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր է.- «Բացի այդ՝ ըստ էության, կարծեք թե սահմանադրորեն փորձում են ամրագրել միակուսակցական համակարգը՝ մեկ կենտրոնից ղեկավարվող, որը, բնականաբար, Հայաստանի համար որևէ ձևով դրական չի կարող լինել»։

Վենետիկի հանձնաժողովը իր դրական գնահատականներում նոր Սահմանադրության տեքստին նայել է իրականությունից կտրված, կարծում է Մարտիրոսյանը։

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը իր հաղորդագրության վերջում հետգրություն է թողել՝ խոսքն ուղղելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին.- «Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր»։

XS
SM
MD
LG