Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն սպառնում է պաշտոններից զրկել Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում

«Բարգավաճ Հայաստան»-ում պատգամավորներ Ստեփան Մարգարյանից և Էլինար Վարդանյանից հստակ դիրքորոշում են ակնկալում՝ կա'մ իրենց հետ են, կա'մ` առանձին։

«Բարգավաճ Հայաստան»-ում պատգամավորներ Ստեփան Մարգարյանից և Էլինար Վարդանյանից հստակ դիրքորոշում են ակնկալում՝ կա'մ իրենց հետ են, կա'մ` առանձին։

Մինչ այդ, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը զգուշացնում է՝ նրանց խորհրդարանի հանձնաժողովների նախագահների պաշտոններից զրկելու առաջարկին արդեն խմբակցության մեծ թվով պատգամավորներ են միացել․ - «Եթե այլ ծրագրեր ունեն, շատ ավելի ազնիվ է, երբ այդ ամենը հստակեցվում է և այդ ճանապարհով են գնում: Իսկ եթե կուսակցական ծրագրերին, ընդհանուր մեր գործունեությանը համահունչ գործունեություն են ծավալում, որևէ խնդիր չեմ տեսնում, որպեսզի հանձնաժողովների նախագահները մնան նրանք»:

Եթե խմբակցությունը հանձնաժողովի նախագահների պաշտոններից զրկելու հարց բարձրացնի, ապա որոշումը պետք է ընդունվի խորհրդարանի լիագումար նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։

Թեև ԲՀԿ-ում մեկը մյուսի հետ չեն կապում, բայց խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի հանդեպ վերաբերմունքը փոխվեց այն բանից հետո, երբ երկու պատգամավորները, չենթարկվելով խմբակցության դիրքորոշմանը, բոյկոտեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քվեարկությունը։

Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում Վահե Էնֆիաջյանը կրկին պնդեց՝ վերաբերմունքի փոփոխման պատճառը պատգամավորների պասիվությունն է և խմբակցության աշխատանքներին չմասնակցելը, քվեարկությունը բոյկոտելը, ըստ նրա, դեր չի խաղացել․ - «Որովհետև այս ներքին խոսակցությունները՝ խմբակցությունը, կուսակցությունը ավելի կազմակերպված հանդես գալու համար գործողություններ և միջոցառումներ պետք է ծրագրվի, մշտապես եղել է մեր ներքին օրակարգային հարցերի մեջ»:

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն էլ օրերս Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին հեռացրեց միջազգային կառույցներում խմբակցության ներկայացուցիչների պաշտոններից, չնայած դրան` երեկ Էլինար Վարդանյանը մեկնել է Նորվեգիա՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու։ Էնֆիաջյանը սա էլ է կուսակցական անկարգապահության օրինակ համարում։

«Տիկին Վարդանյանը հիմա ՆԱՏՕ-ի պատվիրակության ներկայացուցիչ է, որը ներքին քվոտայով ներկայացված է այդ պատվիրակությունում և խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին չի տեղեկացրել, որ գնալու է մասնակցի նման կարևորագույն հավաքի: Դա դուք նորմա՞լ եք համարում», - հարցնում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Նորվեգիայում գտնվող Էլինար Վարդանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ վերջին իրադարձություններին կանդրադառնա առաջիկա օրերին՝ Հայաստան վերադառնալուց հետո։ Ստեփան Մարգարյանը օրվա ընթացքում հրաժարվեց խոսել:

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին էլ կուսակցությունում տեղի ունեցող իրադարձությունները չեն հետաքրքրում։ Aravot.am-ի հետ զրույցում Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել է, որ Ծառուկյանը շատ ավելի կարևոր գործերով է ծանրաբեռնված, նրան քաղաքական մանր ինտրիգները չեն հետաքրքրում, միաժամանակ հավելելով, որ ԲՀԿ նախկին առաջնորդը միշտ էլ բարձր է գնահատել Էլինար Վարդանյանի մարդկային ու մասնագիտական որակները։

Ի դեպ, խորհրդարանի աշխատանքները ուսումնասիրող Parliament Monitoring-ի տվյալներով` այս պահին ամենաշատ բացակայությունները ունի ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանը։ Այն հարցին, թե Մարգարյանի և Վարդանյանի օրինակով, չի՞ մտահոգում արդյոք ԲՀԿ-ականներին Գագիկ Ծառուկյանի պասիվությունը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը արձագանքեց․ - «Ես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չեմ: Դուք կարող եք նրա խոսնակի հետ կապ հաստատել և ճշտել` ինչի համար նա կոնկրետ տվյալ քվեարկությանը չի մասնակցում»:

XS
SM
MD
LG