Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը մտադիր չէ Վրաստանում վաճառել իր ակտիվները: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ընկերության կառավարման մարմնի անդամ Իլնար Միրսիյապովը:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք լիարժեքորեն գոհ ենք համագործակցությունից», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Միրսիյապովը:
Ռուսական ընկերության կառավարման մարմնի անդամին հարց են տվել Վրաստանից դուրս գալու իմաստով, թե մտադիր չէ արդյոք «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս գալ Վրաստանի շուկայից, ինչպես հեռացավ Հայաստանից:
Իլնար Միրսիյապովը, ժխտելով նման հնարավորությունը, ասել է, թե կարծում է՝ ավելի կընդլայնեն իրենց գործունեությունը Վրաստանում:
Բանն այն է, որ Վրաստանում ևս որոշվել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ սեպտեմբերից հոսանքը թանկանում է: Որոշումը հիմնավորել են նրանով, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն են բարձրացրել հոսանքի գինը՝ կապված ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման հետ:
Վրաստանի ընդդիմությունը չէր բացառել, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն Թբիլիսիում:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ասել է, թե «կարգավորիչ հանձնաժողովը ճիշտ որոշում է ընդունել սակագները վերանայելու հարցով»: Նախարարը հավելել է՝ հասկանալի է, որ քաղաքական առումով դա շատ ծանր քայլ է:
Միաժամանակ, Կալաձեն դեմ է արտահայտվել սուբսիդավորմանը՝ սակագինը, ըստ նրա, պետք է լինի այն, ինչ սահմանել է կարգավորիչ մարմինը:
«Եթե սակագնի վերանայում չլիներ, մենք շատ լուրջ կորուստներ կկրեինք», - հայտարարել է վրաց նախարարը:
Վրաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի «Թելասի» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին, 25 տոկոսը՝ Վրաստանի կառավարությանը: