Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը սկսում է մարզային այցելությունները


Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը զուգահեռ՝ դրսում «Ոչ»-ի ճակատի բողոքի ցույցը բռնություններով ուղեկցվեց։

Ազատության հրապարակից երթով Բաղրամյան պողոտա եկած ցուցարարները խորհրդարանի շենքի ցանկապատի ճաղերին «Ոչ»-ի մեծ պաստառ փակցրեցին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանները մի քանի անգամ փորձեցին խլել պաստառը՝ պնդելով, որ դա օրենքի խախտում է։ Քիչ անց խորհրդարանի շենքից դուրս եկան «Ոչ»-ի ճակատին միացած Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ովքեր սկսեցին բանակցել Օսիպյանի հետ։

Բանակցության արդյունքում որոշվեց՝ պատգամավոր Արամ Մանուկյանը ելույթ կունենա, հետո պաստառը ճաղերի վրայից կիջեցվի։ Մոտ մեկ րոպե հետո Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը դժգոհեց, որ ելույթը երկար է, և ոստիկանները պաստառը վերցնելու ևս մեկ անհաջող փորձ կատարեցին։

Քիչ անց Բաղրամյան պողոտա ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին, կարմիր բերետավորների ջոկատը 21 ցուցարարի բերման ենթարկեց։ Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ երկու կարմիր բերետավորներ փորձեցին բերման ենթարկել անգամ պատգամավոր Արամ Մանուկյանին։ Ընդդիմադիրին ոստիկանական մեքենայից դուրս բերեց Վալերի Օսիպյանը։

Րոպեներ անց բերման ենթարկվածներին, որոնց թվում էին նաև «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները, տեղափոխեցին Արաբկիրի ոստիկանություն։ ԱԺ-ում «Ոչ»-ին միացած պատգամավորներն էլ վերադարձան խորհրդարանի դահլիճ քվեարկությանը մասնակցելու։ Քիչ անց արդեն պարզ դարձավ, որ նախագիծը ընդունվել է։

«Ոչ»-ի ճակատից Արմեն Գրիգորյանը ասաց՝ նման պատկեր իրենք կանխատեսում էին, սա պայքարի նոր սկիզբ են համարում։ Վաղվանից նախաձեռնությունը մարզային այցեր է անցկացնելու։

«Պայքարը շարունակական կլինի։ Հոկտեմբերի 30-ին մենք Երևանում հանրահավաք կունենանք։ Վաղվանից սկսում ենք մեր մարզային հանդիպումները, որպեսզի հոկտեմբերի 30-ին ավելի խոշոր հանրահավաք ունենանք Երևանում»,- ասաց Գրիգորյանը։

Քվեարկությունից հետո «Ոչ»-ի կողմնակից պատգամավորները կրկին փողոց դուրս եկան։ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խախտել է կանոնակարգը և քվեարկությունից առաջ իրենց թույլ չի տվել խոսել. հայտարարեց, որ կոչ են անում Սերժ Սարգսյանին հետաձգել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, քանի որ այն կխորացնի բևեռացումը և լարվածությունը.- «Այս մեր առաջարկին որևէ կերպ չեն արձագանքի, ես վստահ եմ։ Եթե նրանք պետական մտածողության մի նշույլ ունենային, նրանք էս ութ տարվա մեջ գոնե մեկ անգամ դա ցույց կտային։ Մենք դա չենք տեսել»։

Զուրաբյանը նաև խիստ քննադատեց ոստիկանների գործողությունները և ասաց, որ պատգամավոր Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձի մասին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է տեղեկացրել, ով խոստացել է ճշտել մանրամասները։

Արամ Մանուկյանն էլ «Ազատության» հետ զրույցում ոստիկանական գործողությունները «քաղաքական ճնշում» որակեց։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հակադարձեց՝ եթե կասկածում են, կարող են իր հեռախոսազրույցները վերծանել։ Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձին, գնդապետ Օսիպյանը ընդգծեց՝ ոստիկանները Հայաստանի Անկախության հռչակագիրը ընթերցած պատգամավորին պարտավոր չէին ճանաչել։

«Ոստիկանները պարտավոր չեն Արամ Մանուկյանին ճանաչել որպես ԱԺ պատգամավոր։ Եվ եթե նա գտնվում էր հավաքի մեջ, այս խառնաշփոթ իրավիճակում, թող բարի լիներ, վրան ինչ-որ տարբերանշան լիներ, որը խորհրդանշեր, որ նա պատգամավոր է»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը։

Այսօր բերման ենթարկված ակտիվիստները արդեն ազատ են արձակվել, նրանցից իննի նկատմամբ հանրահավաքների կարգը խախտելու համար արձանագրություն է կազմվել։

XS
SM
MD
LG