Մատչելիության հղումներ

Մոլդովայի և ԱՄՀ-ի միջև բանակցությունները կրկին ձախողվել են


ԱՄՀ-ի ներկայացուցիչները Մոլդովայում, արխիվ
ԱՄՀ-ի ներկայացուցիչները Մոլդովայում, արխիվ

Մոլդովայի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև բանակցությունները հերթական անգամ ձախողվել են, ինչը նշանակում է, որ երկիրը չի ստանա արժութային պահուստները պաշտպանելու համար նախատեսված գումարները։

ԱՄՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցությունն ավարտվել էր 2013 թվականին։ 2010-2013 թվականներին Մոլդովան ԱՄՀ-ից օգնության կարգով շուրջ 490 միլիոն ԱՄՆ դոլար էր ստացել։ Գումարը երկրին հատկացվել էր համագործակցային ծրագրի շրջանակներում։ 2014 թվականից Մոլդովան փորձում է շարունակել համագործակցությունը, սակայն ապարդյուն։ Բանակցությունները նախ ընդհատվեցին նախընտրական իրավիճակի, իսկ հետո էլ՝ երկրի վարչապետ Չիրիլ Գաբուրիչի պաշտոնանկության պատճառով։ Արդյունքում, հիմնադրամը չեղյալ հայտարարեց Մոլդովա նախատեսված այցը։

Այժմ էլ բանակցությունները ձախողվել են երկրի Ազգային բանկի նախագահի անսպասելի հայտարարությունից հետո։ Դորին Դրեգուցանուն հայտնել է իր հրաժարականի մասին։ «Ես կարծում եմ, որ բավական երկար եմ ընդդիմացել իմ նկատմամբ այս քաղաքական ճնշմանը։ Եկել է ժամանակը, որպեսզի քաղաքական գործիչներն իրենք պատասխանատվություն վերցնեն Ազգային բանկի համար և ապացուցեն, որ կարող են ինձ գերազանցել»,- ասել է նա։

Ազգային բանկի պաշտոնյայի այս անսպասելի քայլը տեղի է ունեցել երկրի բյուջեի կայունությանը աջակցելու նպատակով արտասահմանյան հյուրերի Մոլդովա այցի նախաշեմին։ Ուշագրավ է, որ պատվիրակության ներկայացուցիչները արդեն ուղևորվել էին Քիշնև։

«Շատ տարօրինակ է, որ Ազգային բանկի ղեկավարը նման որոշում է ընդունում հենց այն պահին, երբ ԱՄՀ-ի ներկայացուցիչներն այցելում են մեզ»,- հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը։

Մոլդովայի բյուջետային եկամուտների շուրջ ստեղծված իրավիճակը միևնույն ժամանակ գնալով բարդանում է։ Երկրի պետական արժեթղթերի պահանջարկը նվազում է, իսկ դրանց տոկոսադրույքները՝ աճում։ Հիմնադրամի հետ ստորագրված հուշագիրը թույլ կտար արգելափակումից հանել արտասահմանյան գործընկերների նախագծերի բյուջետային ֆինանսավորումը։ Հակառակ դեպքում երկիրը ստիպված կլինի կրճատել ներդումները։

ԱՄՀ-ն առայժմ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG