Մատչելիության հղումներ

Նեմցովի սպանության գործով մեղադրյալը հաստատել է իր նախկին ցուցմունքը


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող Շադիդ Գուբաշևը հաստատել է իր նախկին ինքնախոստովանական ցուցմունքը, ըստ որի ինքը ներկա է եղել ավագ եղբոր՝ Անզոր Գուբաշևի և սպանության ենթադրյալ կատարող Զաուր Դադաևի խոսակցությանը, որի ժամանակ նրանք վատաբանել են Նեմցովին՝ ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագրի ահաբեկչության մասին արտահայտած դիրքորոշման համար:

Այս մասին РБК-ին հայտնել է մեղադրյալի փաստաբան Մագոմեդ Խասիդովը:

Գուբաշևը նաև հաստատել է, որ երթևեկել է ZAZ Chance մակնիշի մեքենայով, որում էլ թաքնված են եղել սպանության հեղինակները, ինչպես նաև մոսկովյան օդանավակայանում դիմավորել է գործով մյուս անցնողներին:

Սեպտեմբերի 28-ին ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Շադիդ Գուբաշևը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից՝ հայտարարելով, որ այդ ցուցմունքները ճնշման տակ է տվել:

Ավելի վաղ իրենց ցուցմունքներից հրաժարվել էին նաև գործով անցնող մյուս անձինք՝ Թամերլան Էսկերխանովը, Զաուր Դադաևը և Անզոր Գուբաշևը:

Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ին՝ Մոսկվայի կենտրոնում: Քրեական գործում մեղադրյալ են համարվում հինգ հոգի, սակայն հանցագործության կազմակերպիչների ու պատվիրատուների անունները անհայտ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG