Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև իր ծավալուն խոսքում նախագահն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին:

Նախագահը ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին:

Նախագահը ներկայացրել է Եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու` Հայաստանի քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն:

Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնզի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG