Մատչելիության հղումներ

Reuters-ի վերլուծաբանները «Եվրոպական հարևանության» ծրագիրն անվանում են «շռնդալից ձախողում»


Reuters-ը վերլուծական հոդված է գրել՝ նվիրված «Արևելյան գործընկերության» և «Հարվային հարևանության» ծրագրերին։

«Սահարայից մինչև Կովկաս բարեկամ պետությունների գոտի ձևավորելու՝ Եվրամիության երազանքը վերածվեց մղձավանջի»: Այսպես է սկսում Բրյուսելի նախաձեռնած «Արևելյան գործընկերության» և «Հարվային հարևանության» ծրագրերին նվիրված իր վերլուծական հոդվածը Reuters գործակալությունը:

Reuters-ի վերլուծաբանները Եվրամիության կողմից 2003 թվականին հռչակված «Եվրոպական հարևանության» ողջ ծրագիրն անվանում են «շռնդալից ձախողում»` մեջբերելով Շվեդիայի նախկին արտաքին գործերի նախարար և վարչապետ Կարլ Բիլդտի անկեղծ խոստովանությունը. - «Դիտարկելով այսօրվա իրադրությունը՝ դժվար է չհանգել եզրակացության, որ իրականում Եվրամիությունը շրջապատված է ոչ թե բարեկամների այլ կրակե օղակով»:

Reuters-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ Եվրամիության երկու ծրագրերն ընդգրկող տարածաշրջանները, թե «Արևելյան գործընկերության» մեջ ընդգրկված հետխորհդրային վեց հանրապետությունները, և թե «Հարավային հարևանության» մաս կազմող Մերձավոր Արևելքը, այսօր խիստ անկայուն իրավիճակում են:

Reuters-ի թղթակիցները զրուցել են նաև «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացմանը ներգրավված միջին օղակի եվրոպացի դիվանագետների հետ` փորձելով նրանցից պարզել, որքանո՞վ են նրանք հաջողված համարում Բրյուսելի և հետխորհրդային տարածքի պետությունների մերձեցմանն ուղղված ջանքերը:

«Գաղափարը շատ պարզ էր` մենք ցանկանում էինք բարեկամների շրջանակ ստեղծել մեր շուրջը, ինտեգրվել նրանց հետ, առանց այդ պետություններին Եվրամիության անդամություն առաջարկելու», - Reuters-ի թղթակցին ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բաժնի վարիչ Քրիստիան Դանիելսոնը` նշելով. - «Մեզ թվում էր, որ այդ երկրները ցանկանում են մեզ նմանվել»:

Reuters-ի թղթակիցներն իրենց հերթին հավելում են. - «Եվրամիության պաշտոնյաները այսօր խոստովանում են, որ ծրագիրն ի սկզբանե թերի էր՝ դրա իրականացման ընթացքում ցուցաբերված միամտության և մեծամտության միախառնման պատճառով»:

Reuters-ի հրապարակած վերլուծականում նաև կարդում ենք. - «Արևելյան գործընկերության» անդամ վեց պետություններից հինգը` թուլացած են չլուծված հակամարտությունների պատճառով, որոնցում, ի դեպ, Մոսկվայի ներգրավվածությունը ևս առկա է: Ծրագրի վերցերորդ մասնակցի` Բելառուսի նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում, Մինսկն էլ խուսափում է ազատ առևտրի ռեժիմ սահմանել Եվրամիության հետ:

Վերլուծության հեղինակների համոզմամբ, հարևանության ծրագրի մասնակիցներին շատ քիչ առարկայական առաջարկ էր ներկայացվում` միաժամանակ բազմաթիվ պայմաններ էին առաջ քաշվում, իսկ դրանց կատարումը զուգորդվում էր մանրակրկիտ մոնիտորինգով: «Պարզ է, որ Բաքվից մինչև Մինսկ, Կահիրեից մինչև Ալժիր` բոլոր ավտորիտար ղեկավարներն ու տեղական օլիգարխներն այս ամենը բնազդաբար պետք է ընկալեին որպես իրենց ուղղղված լուրջ սպառնալիք», - նշում են հրապարակման հեղինակները՝ ամփոփելով. - ««Եվրամիության հարևանության» ծրագիրն այժմ հիմնարար վերաարժևորման փուլում է: Ավելի ճկուն, չափավոր և տարբերակված ռազմավարությունը կներկայացվի նոյեմբերի 17-ին»:

Այն որ այս փոփոխությունները հասունացել են, Reuters-ի զրուցակիցները վստահ են։ «Հարևանության այսօրվա քաղաքականությունը խառնաշփոթ է, որի պատճառներն են ցանկալին որպես իրականություն ներկայացնելը և անհետևողակությունը», - Reuters-ին փոխանցել է Արևելյան Եվրոպայի խնդիրներով զբաղվող ամենահայտնի բրիտանացի փորձագետներից մեկը, պաշտոնաթող դեսպան Յեն Բոնդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG