Մատչելիության հղումներ

Գյուղացիներն առգրավել են «Աշտարակ-Կաթ»-ի մեքենան


Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է առգրավել են «Աշտարակ-Կաթ» ընկերության մեքենան՝ հրաժարվելով կաթ մատակարարել, մինչև ընկերությունը չմարի վերջին երեք ամիսներին կուտակված 46 միլիոն դրամ պարտքը:

Ընկերությունը Պրիվոլնոյե գյուղի 100 բնակչի հետ պայմանագիր է կնքել` պարտավորվելով յուրաքանչյուր 15 օրը մեկ վճարել գնված կաթի դիմաց: Արդեն մի քանի օր է կաթը վաճառելու փոխարեն պանիր են անում:

Գյուղում եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է, սակայն այսօր ստիպված են էժան վաճառել անասուններին, որպեսզի մարեն խանութներում օրըստօրե ավելացող պարտքերը, վարկերի տոկոսները, կոմունալ վճարներն ու հասցնեն հոգալ նաև երեխաների ծախսը:

Խանութներում դեռ սպասում են, բայց գյուղի էլեկտրիկ Սերգեյ Սարուխանյանը հարկադրված է արդեն կտրուկ քայլերի դիմել. սպառնում է անջատել գյուղամիջում հավաքվածներից շատերի հոսանքը, եթե երկու օրվա ընթացքում չվճարեն էլեկտրաէներգիայի վարձը:

«Ինչքան կան այստեղ՝ ոչ մեկինը վճարած չի։ Էգուց վերջի օրն ա մնացել, էլ օր չկա։ Ուզած չուզած ինձ պիտի ստիպեն, որ անջատեմ», - ասում է Սարուխանյանը։

Գյուղամիջում հավաքված գյուղացիները դժգոհում էին, թե գյուղապետն իրենց կողքին չէ, իրենց խնդիրներով չի հետաքրքրվում: Գյուղապետ Վազգեն Սարուխանյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում նշեց` անզոր է, ընկերությունը երկու միլիոն դրամ էլ իրեն է պարտք: Դիմել է և՛ մարզպետարան, և՛ գյուղատնտեսության նախարարություն, խոստացել են կարգավորել, բայց արդեն 10 օր է` վիճակը նույնն է:

«Ազատության» հարցմանն ի պատասխան «Աշտարակ-Կաթ»-ից ասացին, թե ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և խոստանում է հնարավորինս սեղմ ժամկետներում մարել կաթի դիմաց կուտակված պարտքերը: Թե ինչու և ինչպես է ոլորտի խոշոր ընկերություններից մեկը ֆինանսական խնդիրների առաջ կանգնել` չի նշվում: Գյուղացիները, մինչդեռ, խոստումների այլևս չեն հավատում, պնդում են՝ կաթ չեն մատակարարի, ընկերության մեքենան էլ չեն վերադարձնի, քանի դեռ գումարներն ամբողջությամբ չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG