Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի փաստաբանը ահազանգում է՝ չնայած իրենց խնդրանքին ու նախաքննությունն իրականացնող քննիչի դրական որոշմանը, ոստիկանությունը երեք օր է չի ապահովում ազատամարտիկի անվտանգությունը:
Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց․ - «Քանի որ մտավախություն կա՝ կապված Սմբատ Հակոբյանի անձնական անվտանգության հետ, մենք դեռ սեպտեմբերի 26-ին դիմեցինք վարույթն իրականացնող մարմին՝ Քննչական կոմիտեի քննիչ Վ․ Ասատրյանին, որպեսզի ապահովվի Հակոբյանի անձնական անվտանգությունը և այդ նպատակով հատկացվի ոստիկան: Նույն օրը քննիչը բավարարեց մեր խնդրանքը»:
Փաստաբանի խոսքով, վարույթն իրականացնող մարմնի նման որոշումից հետո 24 ժամվա ընթացքում ոստիկանությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր, «սակայն մինչ այս պահը որևէ ձևով Սմբատ Հակոբյանի անվտանգությունը ապահովված չէ»: «Եվ սա շատ տարօրինակ է՝ որոշումը կա, բայց այն չի կատարվում», - ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, նույն օրը՝ սեպտեմբերի 26-ին, Քննչական կոմիտեն երեք անձի մեղադրանք է առաջադրել Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստով: