Մատչելիության հղումներ

«Ռուսական ագրեսիան ուղղված է Ուկրաինայի դեմոկրատական զարգացման դեմ»


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Կայուն զարգացման համաժողովում, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2015թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Կայուն զարգացման համաժողովում, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2015թ.

Ռուսաստանի պատվիրակությունը լքել է դահլիճը։

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում արդեն մեկնարկել է քաղաքական բանավեճը։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Կայուն զարգացման» համաժողովում։ Նա խստորեն քննադատել է իր երկրի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ագրեսիան։

Իր ելույթում Պետրո Պորոշենկոն ասել է, որ 2014-ի գարնանը սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ուկրաինան կորցրել է տնտեսական կարողության մեկ հինգերորդը։ Ուկրաինայի արևելքում ռուսական ագրեսիայի արդյունքում հազարավոր մարդիկ աղքատացել են։

«Ուկրաինայի դառը փորձն ապացուցում է, որ կայուն զարգացման հնարավոր չէ հասնել այնտեղ, որտեղ ռումբեր են պայթում, մարդիկ են սպանվում, այնտեղ, որտեղ տիրում է ագրեսիվ գաղափարախոսությունը, որտեղ մեկ ազգը ճնշում է մյուսին, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները»,- ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ, «Ռուսական ագրեսիան ուղղված է Ուկրաինայի դեմոկրատական զարգացման դեմ»։

ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովում նա ասել է, որ այսօր Ուկրաինային անհրաժեշտ են բարեփոխումներ։ Դրանք թույլ կտան դիմանալ ռուսական ագրեսիային, որի նպատակն է կասեցնել ուկրաինացիների եվրոպական դեմոկրատական զարգացումը։

Պորոշենկոն նշել է, որ Ղրիմի դավաճանական ագրեսիայի և Դոնբասի պատերազմի արդյունքում հազարավոր մարդիկ են սպանվել, 1.5 միլիոն մարդիկ դարձել են ներքին տեղահանվածներ։

«Դոնբասում պատերազմի ամեն օրն արժե 5 միլիոն դոլար, այդ գումարը մենք կարող էին հատկացնել կայուն զարգացմանը»,- ասել է Պորոշենկոն։

Նրա համոզմամբ, խաղաղության հաստատումից և Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանության լիակատար վերականգնումից հետո անհրաժեշտ կլինի միլիոնավոր մարդկանց օգնել բնականոն կյանքի վերադառնալու հարցում, վերականգնել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքը։

Պորոշենկոն հավաստիացրել է, որ Ուկրաինան անշեղորեն առաջ է գնալու բարեփոխումների ճանապարհով։

ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամները Պորոշենկոյի ելույթի ժամանակ, ի նշան բողոքի, հեռացել են դահլիճից։

«Այո, մենք հեռացանք, որովհետև Պորոշենկոյի ելույթը բացահայտ քաղաքականացված էր և ագրեսիվ և բնավ չէր համապատասխանում գագաթնաժողովի օրակարգին»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է մի անանուն ռուսաստանցի դիվանագետ։ Նրա խոսքերով՝ դահլիճում մնացել էր ընդամենը մեկ դիվանագետ։

«Դա անհրաժեշտ էր, մենք ունենք մեր ընդդիմախոսներին լսելու, նրանց տեսակետներին ծանոթանալու և դրանք անպատասխան չթողնելու սովորություն»,- ասել է այդ դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG