Մատչելիության հղումներ

Հայաստանում ՀԱՊԿ ՀԽՈւ զորավարժություններ կանցկացվեն


ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, արխիվ
ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014 թվականի դեկտեմբերին ընդունված համապատասխան որոշման համաձայն` այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։ Զորավարժության թեման է «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»:

Զորավարժություններին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցիչներ։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ-ի անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերի գործողությունների ներդաշնակմանը և փոխգործակցելիության ամրապնդմանը` խաղաղապահ գործողության ընթացքում առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման նպատակով։

Զորավարժությունների առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատի ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձի ձևավորված ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողությունների զարգացման խնդիրներ։

Նմանատիպ զորավարժություններ անցկացվել են Ղրղըզստանի տարածքում անցած տարվա օգոստոսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG