Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և մասնավորապես անդրադարձել ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի հերթական ստուգման արդյունքներին:
Այս համատեքստում արծարծվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Քննարկվել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող EFF ծրագրի շրջանակում տնտեսության աջակցության հնարավորությունները:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները:
Իր հերթին, Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունության և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը: