Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերն այսօր անարգել մոտեցան նախագահի նստավայրին


Որդեկորույս մայրերը Բաղրամյան 26-ում, Երևան, 24-ը սեպտեմբերի, 2015թ.
Որդեկորույս մայրերը Բաղրամյան 26-ում, Երևան, 24-ը սեպտեմբերի, 2015թ.

Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են կատարել երեք տարի առաջ տված խոստումը։

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի առջև՝ գերագույն գլխավոր հրամանատարին հիշեցնելու իրենց պահանջը՝ կատարել մահվան գործերին ընթացք տալու և մեղավորներին պատժելու մասին երեք տարի առաջ հենց իր տված խոստումը։

«Իմ երեխու մահվան պատճառը ո՞րն է, ութ տարի է՝ ես չգիտեմ։ Բայց ես ունեմ գերեզման, չունեմ իմ երեխու մահվան պատճառը», - ասաց որդեկորույս մայրերից մեկը։

Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիաների, այսօր ոստիկանները չխոչընդոտեցին, և որդեկորույս մայրերն անարգել հասան նախագահականի գլխավոր մուտքի մոտ, միայն հավաքի վերջում ոստիկանները նրանց հորդորեցին չփակել մուտքը։

Որդեկորույս ծնողները նախագահից պահանջում են նաև ցուցում տալ խորհրդարանին՝ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու և հինգ զինվորների մահվան քրեական գործերը հանրային քննարկման դնելու։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկու շաբաթ առաջ լսել էր այս մասին ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը, սակայն հետաձգել որոշումը՝ որոշ խմբագրական շտկումների համար։

«Սպասում ենք, տեսնենք իրենք կընդունե՞ն այս նախագիծը, թե՞ ոչ։ Բայց մինչև պատասխանը մենք չենք կարող ձեռքներս ծալել, նստել, քանի որ տարիներ շարունակ մենք այս խաբեությունը տեսել ենք։ Սահակյանը, երբ մեզ ընդունեց, ասաց, որ հանձնաժողով ստեղծվի, այս գործը կգնա փակուղի՝ «Մարտի 1»-ի հանձնաժողովի նման», - ասաց մայրերից մեկը։

Ծնողները լավատեսության հիմք չունեն. տարիներ առաջ իրենց այս պահանջը խորհրդարանում չէր կատարվել՝ գործերի վերաբերյալ միայն տեղեկանք էր կազմվել։

«Պատկան մարմինները շատ լավ գիտեն, թե այս քրեական գործերի թիկունքում ով է կանգնած։ Վերևից պետք է այդ հրամանը տան, որ ստեղծեն հանձնաժողովը», - ասաց մայրերից մեկը։

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում ասաց, թե առայժմ քննարկում են գործերը առանձին-առանձին քննելու տարբերակը՝ չբացառելով, որ ի վերջո հնարավոր է նաև խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն։

«Այդ իսկ պատճառով Ազգային ժողովի նախագահը հանձնարարել է իր իրավական գծով խորհրդականին, որպեսզի այդ հինգ քրեական գործերի ընդհանուր առմամբ պատկերը պատկերացնենք, այնուհետև փորձենք գործողություններ կատարել և, ինչու չէ, նաև որոշումը կայացնենք։ Յուրաքանչյուր քրեական գործում տարբեր հանգամանքներ կան, և այդ դեպքերը տեղի են ունեցել տարբեր հանգամանքներում, հետևաբար մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և փորձել էդ գործերի հետ կապված որոշակի գործողություններ, քայլեր կատարել՝ դա կլինի բավականին ծավալուն և ոչ արդյունավետ, սա իմ կարծիքն է։ Մենք պետք է փորձենք օգնենք այս գործով որդեկորույս մայրերին։ Որպեսզի իրենց մեկ հույսը արդարացնենք, ապա ես պատրաստ եմ դա անել», - ասաց Սահակյանը։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ փոխանցեց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին կողմ են նաև Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը։ Ըստ նրա, պատգամավորներն այժմ զբաղված են խմբագրական շտկումներով, և ակնկալվում է, որ հոկտեմբերին կրկին այս հարցը քննարկման կդրվի խորհրդարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG