Ռուսաստանցիների 42 տոկոսը համոզված է՝ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ պետության կարգավիճակ ստանա: Սա են վկայում Ռուսաստանում գործող ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի՝ «Լևադա» կենտրոնի՝ օգոստոսին անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք կազմակերպության պաշտոնական կայքում երեկ են հրապարակվել:
Նախորդ տարվա համեմատ Լեռնային Ղարաբաղի անկախության ռուսաստանցի կողմնակիցների թիվն աճել է 7 տոկոսով: 2014-ի օգոստոսին Ղարաբաղի անկախության գաղափարին կողմ էր հարցված ռուսաստանցիների միայն 35 տոկոսը:
Ուշագրավ է սակայն, որ այդ աճը ապահովվել է հիմնականում Ռուսաստանի այն քաղաքացիների հաշվին, ովքեր պնդում էին, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանի հետ: Ղարաբաղի՝ Հայաստանի կազմում գտնվելու օգտին մեկ տարի առաջ հանդես էր գալիս «Լևադա»-ի կողմից հարցվածների 13, այսօր՝ միայն 9 տոկոսը:
Տարեցտարի աճում է հարցված այն ռուսաստանցիների թիվը, ովքեր համոզված են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնել Ադրբեջանի կազմ: Եթե 2013-ի հուլիսին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այս տեսակետին էր հակված ռուսաստանցիների 5 տոկոսը, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը հասնում է 10 տոկոսի: Ուշագրավ է նաև, որ հարցման մասնակիցների մի զգալի մասը՝ 39 տոկոսը, ընդհանրապես դժվարացել է նշել, թե ի վերջո ինչ կարգավիճակ պետք է ունենա Լեռնային Ղարաբաղը:
Այս հետազոտության միջոցով մոսկվացի սոցիոլոգները փորձել են պարզել նաև ռուսաստանցիների տեսակետները հետխորհրդային տարածքում առկա մյուս «սառեցված» հակամարտությունների վերաբերյալ: Այսպես, հարցվածների 49 տոկոսը պնդում է, որ Աբխազիան անկախ պետություն է: Հարավային Օսիայի առումով նույն տեսակետին է հակված հարցված ռուսաստանցիների 47 տոկոսը: Այսօր՝ Ռուսաստանի կողմից երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից յոթ տարի անց, հարցված ռուսաստանցիների աննշան մասը՝ մոտ 10 տոկոսն է շարունակում պնդել, որ այս երկու տարածքները Վրաստանի մաս են կազմում:
Մինչդեռ ավելի քան 10 տարի առաջ Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ Վրաստանին պատկանելության կողմնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ էր: Այսպես, ըստ նույն «Լևադա» կենտրոնի մասնագետների՝ 2004-ի սեպտեմբերին անցկացրած հետազոտության արդյունքների, ռուսաստանցիների 17 տոկոսը համարում էր Հարավային Օսիան վրացական տարածք:11 տարի առաջ Աբխազիայի վերաբերյալ նույն մոտեցումն ուներ ռուսաստանցիների 27 տոկոսը:
Ի դեպ, «Լևադա»-ի հարցման համաձայն՝ քիչ չէ նաև այն ռուսաստանցիների թիվը, որոնք պնդում են, որ Աբխազիան և Հարավային Օսիան պետք է մտնեն Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Այս մոտեցմանն է հակված հարցվածների ավելի քան 20 տոկոսը:
Մոսկվացի սոցիոլոգները անդրադարձել են «սառեցված» ևս մեկ՝ Մերձդնեստրի հակամարտությանը։ Երեկ հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 47 տոկոսը համոզված է, որ Մերձդնեստրը պետք է անկախ պետության կարգավիճակ ստանա:17 տոկոսի համոզմամբ՝ Մերձդնեստրն ի վերջո պետք է վերադառնա Մոլդովայի կազմ: