Երկարատև ընդմիջումից հետո, Մոսկվայում կիրակի օրը հավաքվել էին ռուսաստանցի ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները:
Բողոքի հանրահավաքին, որն անցնում էր մոսկովյան արվարձաններից մեկում՝ Մարինոյում, հավաքվել էր, կազմակերպիչների տվյալներով, 7 հազար, իսկ ոստիկանության պնդմամբ՝ 500 մարդ:
Հավաքը քաղաքական լճացման դեմ էր, հիմնական պահանջներն էին՝ վերացնել գրաքննությունը երկրում, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ընդդիմությանը թույլ տալ մասնակցել ընտրություններին, վերջ տալ պատերազմին Ուկրաինայում և իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ:
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները ի սկզբանե պլանավորում էին հավաքվել Մոսկվայի կենտրոնում, արդեն ավանդական վայրում՝ Սախարովի պողոտայում: Քաղաքի իշխանությունները, սակայն, չէին արտոնել այդ հավաքը՝ փոխարենը առաջարկելով Մարինո արվարձանը: Եվ թերևս առաջին անգամ էր բողոքի այս շարժման պատմության մեջ, որ ընդդիմությունը հավաքվեց ոչ թե Մոսկվայի կենտրոնում, այլ արվարձանում, ու, ինչպես և ակնկալվում էր, այստեղ ավելի քիչ մարդ էր եկել, քան սովորաբար գալիս է ընդդիմության ակցիաներին:
Բոլոր ընդդիմադիրները չէ, որ երեկ մասնակցեցին հանրահավաքին: Օրինակ, «Յաբլոկո» կուսակցությունը հրաժարվել էր միտինգից և հայտարարել, որ սեփական ակցիաները կկազմակերպի:
Հիշեցնենք՝ բոլորովին վերջերս Ռուսաստանի լիբերալ ընդդիմադիրները փորձում էին մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն չկարողացան նորմալ թվով քվեներ հավաքել, իսկ որոշ մարզերում նրանց պարզապես թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, չգրանցեցին: Կոստրոմայում, օրինակ, որտեղ ընտրությունները սկանդալներով էին անցել, ընդդիմադիրները հավաքել էին ձայների ընդամենը 2․5 տոկոսը:
Երեկվա հանրահավաքում ելույթ ունեցողները՝ Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յաշինը և այլոք, հայտարարում էին, որ մտադիր չեն հեռանալ Ռուսաստանից, և չնայած ամեն ինչին՝ մնալու են իրենց երկրում ու շարունակելու են պայքարը: