Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է Անկախության օրը


Հայաստանը տոնում է Անկախության օրը։ Այսօր լրանում է անկախության հռչակման 24-րդ տարին։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Անկախության տոնի կապակցությամբ տոնական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

«Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենվեր գործերով շենացնելու մեր երկիրը և այս տոնի պանծալի խորհրդով միշտ նորոգ պահելու մեր ուխտը առ հայրենին», - իր ուղերձում գրել է Վեհափառը:

Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը: Կորցնելով պետականությունը` հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից: Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն` իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան», - Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Բակո Սահակյանը:

Սպասվում է, որ օրվա ընթացքում շնորհավորական ուղերձներով հանդես կգան Հայաստանի նախագահը, մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, կուսակցություններ, ոչ կառավարական կազմակերպություններ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս - հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում», - գրել է Պուտինը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում գրել է․ - «Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները: Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ - Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը»:

«Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի», - ասված է ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ուղերձում գրել է․ - «Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս: Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին: Խոհականության և միասնության մթնոլորտով պարուրված ոգեկոչման այդ հուզիչ արարողությունը ցույց տվեց լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները: Կցանկանայի վերստին հավաստիացնել Ձեզ, որ համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին: Մասնավորապես, որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը»:

Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, Հնդկաստանի, Մեքսիկայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Բելառուսի, Ավստրալիայի, Իրաքի և այլ պետությունների ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG