Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը գնող ընկերության հիմնադիրը աշխատում է Սամվել Կարապետյանին պատկանող բանկում


«Հայաստանի էլեկտրական ցանցերը» գնող օֆշորային Liormand Holdings Limited ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սինան Բոդմերը աշխատում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Фора-банк-ում:

Երեկ հայտնի դարձավ, որ Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited-ը պատկանում է մեկ այլ՝ Marcuard Heritage ընկերությանը: Դրա պաշտոնական կայքէջում Սինան Բոդմերը (Sinan Bodmer) նշված է որպես ընկերության համահիմնադիր: Իր հերթին՝ Фора-банк-ը Սամվել Կարապետյանին պատկանող Ташир ընկերությունների խմբի ստորաբաժանումներից մեկն է, և բանկի պաշտոնական կայքէջում նշված է, որ 2003 թվականից Marcuard Heritage ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավար Սինան Բոդմերը 2007-ից միաժամանակ հանդիսանում է նաև Фора-банк-ի տնօրենների խորհրդի անդամ:

Երկու օր է Ташир ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը չի պատասխանում «Ազատության» հարցմանը՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանն է ՀԷՑ-ի գնորդը, ով Forbes-ի ներկայացմամբ՝ 2015-ին Ռուսաստանի 26-րդ հարուստ անձնավորությունն է՝ իր 4 միլիարդ դոլար կապիտալով:

Դիմեցինք ռուսաստանաբնակ գործարարի եղբորը՝ ԱԺ հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ արձագանքելու վերոհիշյալ տեղեկություններին: Պատգամավորը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց, որ ՀԷՑ-ի գնորդը իր եղբայրն է:

«Ես «Տաշիր գրուփ»-ի մամուլի քարտուղարը չեմ, լավ կլինի իրեն դիմեք, ինքը բոլոր հարցերի պատասխանը սպառիչ կտա։ Ես պատգամավոր եմ և իմ գործերով եմ զբաղվում»,- ասաց Կարապետյանը։

Երկրորդ օրն է, ինչ հայտնի է դարձել, որ ռուսաստանյան Интер РАО-ն մտադիր է վաճառել ՀԷՑ-ը օֆշորային ընկերության, սակայն հայտնի չէ, թե ով է կանգնած այդ ընկերության հետևում. կառավարության անդամները, որ պետք է մոտ մեկ շաբաթից իրենց եզրակացությունը տան՝ թույլատրե՞լ գործարքը, թե՞՝ ոչ, երեկ «Ազատությանն» ասացին, որ մանրամասների չեն տիրապետում:

Տեղեկություն չունի նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.- «Դա իմ լիազորությունների շրջանակում չէ»,- այսօր լրագրողներին ասաց նա։

Интер РАО-ի մամուլի ծառայությունը ևս որևէ հստակ տեղեկություն չի հայտնում: Երեկ «Ազատության» հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց տեղեկությունը, որ ՀԷՑ-ի գնորդը Սամվել Կարապետյանն է: Դիմել ենք նաև ՀԷՑ-ը գնող կիպրոսյան ընկերությանը, արձագանք դեռ չկա:

«Հայկական ժամանակ» պարբերականի այսօրվա հրապարակման համաձայն, ՀԷՑ-ը գնել են չորս գործարարներ: Սամվել Կարապետյանից բացի նշված են Գագիկ Ծառուկյանի, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի անունները: Ընդ որում, ըստ պարբերականի, Ташир-ի սեփականատերը ՀԷՑ-ի հիմնական բաժնետերն է լինելու:

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հերքեց այդ տեղեկությունը.- «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի նշված Liormand Holdings Limited ընկերության հետ ընդհանրապես և ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես։ Գագիկ Ծառուկյանը երբևէ ՀԷՑ-ը մասնակիորեն կամ ամբողջությամբ գնելու ցանկություն չի ունեցել և այս պահին էլ չունի»,- ասաց Տոնոյանը՝ բացառելով, որ գործարքի հետ կարող է առնչություն ունենալ Ծառուկյանի ընտանիքի անդամներից որևէ մեկը.- «Եթե նման բան լիներ, ես վստահաբար այդ մասին տեղյակ կլինեի։ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև նրա ընտանքի անդամներից որևէ մեկը առնչություն չունի ՀԷՑ-ի գնման գործարքի հետ»։

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը այժմ Газпромбанк-ի առաջին փոխնախագահն է. «Ազատությունը» հարցում է ուղարկել Газпромбанк, սպասում ենք պատասխանի՝ արդյո՞ք Կարապետյանը առնչություն ունի ՀԷՑ-ի վաճառքի հետ:

Հարություն Փամբուկյանի հետ կապվել չհաջողվեց, ի դեպ, ժամանակին մամուլը հենց նրա անվան հետ էր կապում բաշխիչ ցանցերի վաճառքը օֆշորային «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությանը: Վիրջինյան կղզիներում գրանցված այդ ընկերությունը 2002-ին գնեց ցանցերը 37 միլիոն դոլարով, չորս տարի անց մոտ երկու անգամ թանկ՝ 73 միլիոն դոլարով վերավաճառեց ռուսաստանյան Интер РАО-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG