Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Եվրոպական միության միջև հաստատված բազմաոլորտ գործակցության խորացմանը և ընդլայնմանը:
Սվիտալսկին նշել է, որ Հայաստան է ժամանել ամենաջերմ զգացմունքներով և դրական օրակարգով, ու վստահեցրել, որ կանի առավելագույնը գործընկերության առավել ամրապնդման համար։
Հանդիպմանը քննարկվել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:
Նալբանդյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջացառումները և դրանց խորհուրդը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնում լեհ դիվանագետ Պյոտր Սվիտալսկին փոխարինում է ռումինացի Տրայան Հրիստեային, ով այն զբաղեցնում էր 2011 թվականից: