Մատչելիության հղումներ

Պերմյակովը դարձյալ փորձաքննության ենթարկվեց


Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ.
Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, Գյումրի, 12-ը օգոստոսի, 2015թ.

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր կրկնակի դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկվեց, այս անգամ` հայ մասնագետների կողմից, սակայն ռուսական ռազմակայանի տարածքում:

Քննությունը տևեց մոտ 3 ժամ և ընթացավ տուժողի իրավահաջորդների փաստաբանների ներկայությամբ: Մինչ եզրակացության ամբողջացումը փաստաբանները ձեռնպահ մնացին մեկնաբանություններից, միայն ասացին, որ կարողացել են էական տվյալներ ստանալ:

Փաստաբան Լուսինե Սահակյան․ - «Մենք ձեռք բերեցինք որոշակի տվյալներ, որոնք շատ էական են մեզ համար՝ հետագայում ինչ-որ միջնորդություններ ներկայացնելու համար, նաև, ինչու չէ՝ դատավարության ընթացքում հետագայում տրվելիք հարցերի առումով»:

Փաստաբան Երեմ Սարգսյան․ - «Մեզ համար բավական էական հանգամանքներ կան, որոնք գուցե մինչև այս պահը այլ կերպ էինք ընկալում, իսկ այսօր մեզ համար նոր վարկածների, նոր տեսակետների տեղիք տվեցին դրանք»:

Ավելի վաղ Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքնության էր ենթարկվել ռուս մասնագետների կողմից և ճանաչվել մեղսունակ: Սակայն, հայկական կողմին փոխանցված գործի նյութերն ու ռուսական դատարանում Պերմյակովի պահվածքը հաշվի առնելով, հայ փաստաբանները միջնորդել էին, որ անցկացվի կրկնակի փորձաքննություն:

«Նրա պահվածքը մեզ մոտ լուրջ կասկածներ առաջացրեց: Բացի դրանից, երբ մենք ծանոթացանք ռուսական կողմի փորձաքննության եզրակացությանը, դա առավել ևս հիմնավորեց, որ մենք պետք է նման միջնորդություն ներկայացնենք, որովհետև նույնիսկ այդ փորձաքննությունների բովանդակային մասում արդեն իսկ կային տվյալներ այն մասին, որ Պերմյակովն ունի որոշակի խնդիրներ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Այսօր նաև լուրեր էին շրջանառվում, թե Պերմյակովին Ավետիսյանների տուն են տանելու, ինչն ավելի ուշ հերքվեց: Հնարավո՞ր է, որ Պերմյակովին հանցագործության վայր տանելու մասին միջնորդություն ներկայացնեն, «Ազատության» այս հարցին փաստաբան Միհրան Պողոսյանը պատասխանեց․ - «Դա պետք է ինքնանպատակ չլինի»: Նրա խոսքով, նման միջնորդության անհրաժեշտություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ Պերմյակովի ցուցմունքներում դեպքի վայրի հետ կապված հակասություններ նկատվեն: Մինչդեռ, նման ցուցմունքներ, բացի դատարանում միջնորդված կերպով ներկայացվածից, դեռևս չեն հրապարակվել:

Թե երբ կմեկնարկի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարությունը, փաստաբանները չկարողացան ասել: Հայաստանի քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ ռուսական կողմի տրամադրած 9 հատոր կազմող գործի թարգմանությունն արդեն ավարտվել է: Քննիչները նաև կրկնակի գենետիկական փորձաքննություն են նշանակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG