Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը քննարկում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը տապալելու միջոցները


Հանրահավաքային պայքարից բացի, առաջիկայում կհստակեցվեն նաև մյուս գործողությունները։

«Ոչ»-ի ճակատում դեռ քննարկում են, թե փողոցային պայքարից բացի ինչ միջոցներով են տապալելու սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Սահմանադրության փոփոխությանը «ոչ» ասող ուժերը միավորած «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանրահավաքային պայքարից բացի, մյուս գործողություններում հստակություն կմտցնեն առաջիկայում: Սեպտեմբերի 25-ին հանրահավաք կանցկացնեն Գյումրիում, մինչ այդ հավանական է, որ բողոքի ակցիա իրականացնեն Ազգային ժողովի շենքի առջև:

«Ազգային ժողովում այս պահին իրենք մեծամասնություն են և ամեն ինչ անելու են՝ անցկացնելու։ Պայքարի տարբերակը մնացել է փողոցային տարբերակը։ Փողոցային պայքարի միջոցով պետք է փորձենք տապալել։ Իրենց նպատակը հենց վերարտադրությունն է, քննադատություններն իրենց վրա ազդեցություն չեն ունենալու», - ասաց Գրիգորյանը։

Նախաձեռնությունում ասում են, որ երեկ ևս մեկ անգամ համոզվեցին՝ սահմանադրական փոխություններով երկրի ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների ընդլայնմանը հասնելու հայտարարությունները կեղծ էին:

Երեկ, հիշեցնենք, հանրապետական պատգամավորները չեն բացառել, որ կուսակիցների հորդորով Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո էլ կարող է պետական պաշտոններ զբաղեցնել:

«Ու վերջապես հանրապետականներն արդեն խոսում են դրա մասին, որ իրենց հենց փոփոխությունը կատարում են այդ նպատակով։ Ճիշտ է, դեռ ամբողջությամբ չեն ասի, որ դրա համար է, բայց հստակ է, որ սահմանադրական փոփոխությունները կատարում են հենց Սերժ Սարգսյանի վերարտադրության համար», - ասաց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամը։

«Ոչ»-ի ճակատից փոխանցեցին, որ բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ու քաղաքացիական ուժերի ընդունած հայտարարությանը օրերս միացել են ևս երեք կազմակերպություններ՝ «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի ազգային ազատագրական շարժում» և «Ժողովրդավարական ցանց» նախաձեռնությունները:

XS
SM
MD
LG