Մատչելիության հղումներ

Ռիչարդ Միլս․ «Կոռուպցիան խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, շնորհակալություն մեր երևանյան բյուրո այցելելու համար: Ես կցանկանայի նախ հարցնել, թե ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը:

Միլս․ - Ուրախությամբ պիտի նշեմ, որ հարաբերությունները շատ լավ են և ամուր: Մենք գործընկերային հարաբերություններ ունենք բազմաթիվ ասպարեզներում՝ դիվանագիտական, ռազմական, մշակութային: Կարծում եմ, անցած ամիս մեր միջև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը այդ գործակցության և այդ հարաբերությունների ամրության ցուցիչն է: Պետքարտուղարի տեղակալ Նյուլանդի փետրվարյան այցը՝ շատ բարձր մակարդակի այցը, Հայաստանի ժողովրդի և իշխանությունների հետ մեր հարաբերությունների խորության ևս մեկ դրսևորում էր:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, մենք գիտենք, որ Դուք Հայաստանի իշխանություններին աջակցում եք բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ է ԱՄՆ-ը հետաքրքրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով: Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում Ձեր առաքելության մաս է կազմում աջակցությունը ժողովրդավարության կառուցմանը, բարեփոխումներին: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված դրանում:

Միլս․ - Կոռուպցիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, որովհետև կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին: Գիտեք, Հրայր, Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Եվ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացումը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ՝ այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հստակ է մի բան՝ կոռուպցիան խնդիր է, որի դեմ ստիպված են պայքարել աշխարհի բոլոր երկրները: Մենք ստիպված ենք պայքարել դրա դեմ Միացյալ Նահանգներում, մեզ մոտ կան կոռուպցիայի դեպքեր: Եվ հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքները և կամքը, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: Եվ այստեղ մեր նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին՝ ունենալու պահանջվող գործիքները, օգնել քաղաքացիական հասարակությանը, հայ ժողովրդին՝ ոտքի կանգնելու և ուշադրության կենտրոնում պահելու կոռուպցիայի խնդիրը, օգնել պայքարելու դրա դեմ:

«Ազատություն»․ - Անցյալում դուք այդ պայքարը ծավալում էիք հատուկ ծրագրերի միջոցով, օրինակ՝ «Հազարամյակի մարտահրավերի»: Բայց այժմ կարծես կենտրոնացել եք այս կոնկրետ մեկ՝ մեծ խնդրի վրա, որը շատ կարևորում եք: Ճիշտ չե՞մ:

Միլս․ - Այո, դա իսկապես մեզ համար շատ կարևոր խնդիր է: Ինչպես արդեն ասացի, կոռուպցիան խոչընդոտում մեր բոլոր ընդհանուր նպատակների իրականացումը: Բայց պետք է հավելեմ, որ հայկական կենսակերպում և հայաստանյան կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքների ապահովումը ներդրված է մեր բոլոր ծրագրերում, դա մեր ցանկացած նախաձեռնության բաղկացուցիչն է: Մենք փորձում ենք մեր բոլոր ծրագրերը հնարավորինս բաց իրականացնել, ուզում ենք օգնել Հայաստանի իշխանություններին՝ լինելու հարկ եղածի պես բաց և թափանցիկ: Այնպես որ շատ առումներով սա մեր ամբողջ գործունեության մասն է:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, Դուք այս հարցերը քննարկո՞ւմ եք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ:

Միլս․ - Անշուշտ: Ավելին՝ երեկ երեկոյան ես մի միջոցառում էի կազմակերպել, որը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել կոռուպցիայի խնդրի վրա: Ես ցանկանում էի նաև բարձրաձայնելլ, թե ովքեր են մեր հայաստանյան գործընկերները ինչպես կառավարությունում, այնպես էլ, և առավել ևս՝ քաղաքացիական հասարակության մեջ: Եվ ես նրանց հրավիրել էի իմ տուն: Մենք հանդիպեցինք, քննարկեցինք, և ես շատ բան իմացա նրանց գործունեության մասին, այն մասին, թե որ քայլերն են հաջողվում, որոնք են երբեմն տապալվում: Եվ ես նաև նրանց հնարավորություն ընձեռեցի հանդիպելու հայաստանյան պաշտոնյաների հետ, այն մարդկանց հետ, ում ձեռքում իրական լծակներ կան այս հարցում: Թույլ տվեք նկատել, որ այստեղ համագործակցելու կարիք կա: Քաղաքացիական հասարակությունը պետք է իր դերը ստանձնի և համագործակցի իշխանությունների հետ, որպեսզի հարցին լուծում տրվի:

Մենք մի ծրագիր ունենք, որը ֆինանսավորում ենք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, և որը նպատակ ունի աջակցել այն քաղաքացիական խմբերին, որոնք զբաղվում են կոռուպցիայի խնդրով և ցանկանում են զարգացնել հաշվետվողականությունը, թափանցիկությունը Հայաստանում: Մենք աջակցում ենք այդ կազմակերպություններին, որպեսզի հնարավորություն ստեղծենք նրանց համար ավելի շատ մարդկանց ընդգրկել իրենց աշխատանքում:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որոշակի տեսակետներ են արտահայտում վարչապետի ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ, որը հենց ինքն էլ գլխավորում է: Այդ խորհրդի կազմում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, օրինակ՝ ֆինանսների նախարարը: Քաղաքացիական հասարակության որոշ երևելի ներկայացուցիչներ կարծիք են հայտնում, որ Հայաստանում կոռուպցիայի աղբյուրը հենց այս պաշտոնյաներն են, կամ առնվազն նրանք կոռուպցիայի ռիսկի տակ են: Ինչպե՞ս կարելի է համոզել քաղաքացիական հասարակությանը և առհասարակ հանրությանը, որ այդ խորհուրդը իրականում կարող է հաջողության հասնել:

Միլս․ - Թույլ տվեք անկեղծ լինել: Հայ ժողովրդին ինչ-որ բան համոզելու պարտականությունը Հայաստանի իշխանություններինն է, նրա՛նք պետք է կարողանան ապացուցել, որ հակակոռուպցիոն խորհուրդը իրական և արդյունավետ գործիք է: Այստեղ մենք մեր դերը չենք տեսնում: Բայց պարբերաբար հանդիպում է նաև մի թյուր տեսակետ, թե իբր մենք ենք ֆինանսավորում հակակոռուպցիոն խորհուրդը: Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մենք որոշ նպատակաուղղված աջակցություն ենք հատկացնում հակակոռուպցիոն խորհրդի գործունեության որոշակի կոնկրետ բաղադրիչների համար: Օրինակ, մենք տեխնիկական փորձագիտական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի օգնենք նրանց ձևավորելու աշխատանքային հայեցակարգ, որով կնախատեսվեն կոնկրետ քայլեր պետության կողմից մատուցվող ծառայություններում, իրավական ծառայություններում, ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մենք նաև ֆինանսավորում ենք կոնկրետ ծրագրեր, որոնք հակակոռուպցիոն խորհրդին հնարավորություն կտան իրազեկել հասարակությանը և հետազոտել հասարակական կարծիքը՝ լսել մարդկանց տեսակետները կոռուպցիայի վերաբերյալ: Մենք այդիպիսի երկու շատ կոնկրետ ծրագրեր ենք իրականացնում: Ուզում եմ ասել՝ մենք հակակոռուպցիոն խորհրդի անդամներին ինչ-որ գումարներ չենք տալիս: Եվ, իհարկե, ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ որոշակի վերապահումներով մոտենում այս խորհրդին, կամ առհասարակ՝ կառավարության ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին: Սակայն պետք է ասեմ, որ ԱՄՆ կառավարությունը, դեսպանատունը, դիտարկում են այս խորհուրդը որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, որպես հարցը լուծելու հանձնառություն, որը Հայաստանի իշխանությունները ստանձնել են հրապարակայնորեն:

Ես պատրաստ եմ աշխատելու Հայաստանի կառավարության ցանկացած ինստիտուտի հետ, որը ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ: Այնպես որ, մենք աշխատելու ենք այս խորհրդի հետ, սակայն, ինչպես արդեն ասացի, մենք ակնկալում ենք գործողություններ, միայն խոսքերը բավարար չեն: Մենք մշտապես գնահատելու ենք խորհրդի հետ մեր համագործակցությունը, և եթե ժամանակի ընթացքում չտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի այն նվիրվածությունը և այն գործողությունները, որոնց մասին խոսում են վարչապետն ու խորհրդի մյուս անդամները, մենք կվերանայենք մեր հարաբերությունները խորհրդի հետ:

«Ազատություն»․ - Այս խորհրդի գործունեությունը կարո՞ղ է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Օրինակ՝ եթե նրանք հաջողության չհասնեն, խորհուրդը չծառայի նպատակին կամ տապալվի, ինչպիսի՞ն կլինեն հետևանքները:

Միլս․ - Ես չեմ ուզում ենթադրել, որ նրանք կտապալվեն, քանի որ չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Սակայն, կարծում եմ, որ եթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Մենք վերջերս մեծ հաջողություն արձանագրեցինք, խոսքը Որոտանի կասկադի վաճառքի մասին է ամերիկյան մի ընկերության:

«Ազատություն»․ - Այո, դա շատ խոշոր ներդրում էր, այնպես չէ՞:

Միլս․ - Այո, դա ամերիկյան խոշորագույն ներդրումն էր այստեղ: Եվ կարծում եմ, որ դա ճանապարհ է հարթում հետագա ներդրումների համար: Սա ապացուցում է իմ խոսքերը, որ մենք կարող ենք հրապուրել ներդրողներին: Երբ ամերիկյան ընկերությունը վստահ է, որ ստեղծված են արդար մրցակցության պայմաններ, որ իր նկատմամբ վերաբերմունքը կլինի նույնը, ինչ մյուսների, այդ ներդրումները կլինեն: Ահա թե ինչու ես կուզենայի, որ հակակոռուպցիոն խորհուրդը հաջողության հասներ:

«Ազատություն»․ - Իսկ հայաստանյան պաշտոնյաները իսկապե՞ս հետաքրքրված են ամերիկյան ներդրումներով, նրանք իսկապե՞ս ուզում են, որ ամերիկյան ընկերությունները գան Հայաստան:

Միլս․ - Այո, ես անկեղծորեն հավատում եմ, որ դա այդպես է: Ես տեսնում եմ իրական հետաքրքրություն ամերիկյան ներդրումները, հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունները խրախուսելու ուղղությամբ: Կարծում եմ, այստեղ հասկանում են, որ ամերիկյան ներդրողները «լավ քաղաքացիներ են», նրանք բերում են գործունեության, մենեջմենթի միջազգային փորձը, նրանք նվիրված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, և դա այստեղ գնահատում են:

«Ազատություն»․ - Եվ խոսքը չի վերաբերում միայն հայկական սփյուռքին, այնպես չէ՞:

Միլս․ - Այո, խոսքը միայն սփյուռքի մասին չէ: Անկեղծ ասած՝ հայկական սփյուռքը շատ կարևոր և արժեքավոր ծրագրեր է իրականացրել այստեղ, սփյուռքը հսկայական արժեքավոր ռեսուրս է եղել Հայաստանի ժողովրդի համար անցած 25 տարիներին և դրանց առաջ, սակայն շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները կառուցված լինեն փոխշահավետության սկզբունքի վրա: Ամերիկյան կառավարության և անձամբ իմ ջանքերը միտված են ներդրումներ ներգրավելու ոչ միայն հայկական սփյուռքից, այլև գործարար շրջանակներից և ԱՄՆ-ից առհասարակ: Մենք հույս ունենք, որ նրանք կգան այստեղ և կտեսնեն, որ այստեղ ներդրումները եկամտաբեր են:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, Հայաստանը հսկայական գումարներ է ստանում միջազգային դրամաշնորհների, վարկերի, աջակցության տեսքով: ԱՄՆ-ը տարիներ շարունակ հանդիսացել է խոշորագույն դոնորը Հայաստանում: Սակայն, չնայած ձեր բոլոր ջանքերին, մենք իրական առաջընթաց չենք տեսնում, բարեփոխումները տեսանելի չեն, թեև դուք շատ կարևոր ծրագրեր եք իրականացնում այստեղ: Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր ծրագրերը հաջողության են հասնում հարևան երկրում՝ Վրաստանում, բայց ոչ այստեղ: Ո՞րն է դրա գաղտնիքը:

Միլս․ - Հրայր, պարզապես հստակեցնեմ ինձ համար՝ նկատի ունեք կոռուպցիայի դեմ պայքարի՞ ծրագրերը։

«Ազատություն»․ - Այո:

Միլս․ - Նախ՝ ես ընդունում եմ, որ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ այստեղ: Ես այստեղ զրուցում եմ մարդկանց հետ, զրուցում եմ պաշտոնյաների հետ: Բոլորն ընդունում են, որ դա լուրջ խնդիր է: Այն քայքայիչ ազդեցություն ունի, խոչընդոտում է մեր համատեղ նպատակների իրականացումը: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ որոշակի առաջընթաց կա: Եթե ուշադրություն դարձնենք անկողմնակալ դիտորդների գնահատականներին, օրինակ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի, որը այս ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ապա կտեսնենք, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչը բարելավվել է: Ձեռնարկատիրությամբ զբաղվելու՝ Համաշխարհային բանկի ինդեքսում Հայաստանի վարկանիշն աճել է, և դա, մասնավորապես, նաև հետևանք է այն բանի, որ այստեղ կոռուպցիայի դեմ պայքար է ծավալվում: Կարծում եմ, որ կան որոշակի բարեփոխումներ, և դրանք չափելի են: Կարծում եմ, յուրաքանչյուր երկիր տարբեր է: Տարբեր է մշակույթը, միջավայրը: Եվ չեմ կարծում, որ ճիշտ է նայել որևէ երկրի ու ասել՝ ինչո՞ւ է այնտեղ դա հաջողվում, իսկ այստեղ՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է հայկական լուծումներ և հայկական մոդելներ փնտրենք՝ համագործակցելով Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ: Մեր աջակցությունն այստեղ հիմնականում տրամադրվում է USAID-ի միջոցով, նրանք հաջողություններ են արձանագրում: Այստեղ՝ Հայաստանում, մեր նպատակն է բարելավել պետության մատուցած ծառայությունների որակը, որպեսզի ժողովուրդը իրեն հասանելի ծառայություններից կարողանա օգտվել արդար և հավասար պայմաններում: Մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք այս ուղղությամբ և, կարծում եմ, որոշակի առաջընթաց կա:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, հարցս վերաբերում է փոքր և միջին ձեռնարկություններին: Այդ ձեռնարկությունները ամենաշատն են տուժում կոռուպցիայի պատճառով, քանի որ նրանք չունեն այն կապերը, լծակները, որոնք հասանելի են խոշոր ձեռնարկություններին: Ի՞նչ կարող եք ասել նրանց, ո՞րն է Ձեր ուղերձը մեր փոքր և միջին ձեռներեցներին: Նրանք իսկապես ուզում են իրենց ներդրումն ունենալ երկրում տնտեսական իրավիճակի բարելավման գործում, բայց նրանք երբեմն աջակցության կարիք ունեն:

Միլս․ - Լիովին համաձայն եմ: Կոռուպցիայի ծանրությունն ընկնում է առավել խոցելի խմբերի վրա, փոքր ձեռնարկությունների, դժվարությամբ ծայրը-ծայրին հասցնող ձեռներեցի վրա, ով փորձում է իր գործունեությունը ծավալել: Եվ ես հասկանում եմ, թե դա ինչքան դժվար կարող է լինել: Իմ ասելիքը բոլոր նրանց, ովքեր դժգոհ են կոռուպցիայից, հետևյալն է՝ ուղիներ գտեք ուշադրություն սևեռելու դրա վրա, մի վախեցեք բարձրաձայնել: Ես վստահ եմ, որ կան գործիքներ կառավարության ներսում, կան մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ հաղթահարել դա: Մենք փորձում ենք այնպես անել, որ կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորություններն ավելանան:

Կուզենայի օրինակներից մեկը բերել՝ անցած ամիս ես այցելեցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Մենք նրանց և Համաշխարհային բանկի հետ աշխատել ենք թոշակների, սոցիալական նպաստների մասին ողջ ինֆորմացիան ավտոմատացնելու ուղղությամբ: Մենք նրանց նաև օգնել ենք «թեժ գիծ» ստեղծելու հարցում՝ 114 համարով, որի միջոցով նրանք կարող են արձագանքել սոցիալական նպաստներին վերաբերող ցանկացած հարցի: Սա անելիս մեր նպատակը սոցիալական նպաստների ողջ համակարգը ավելի թափանցիկ դարձնելն էր: Դա նաև գործիք է՝ տեղեկացնելու կոռուպցիայի դեպքերի մասին, և ստեղծված է այդօրինակ խնդիրները լուծելու մեխանիզմ: Կարծում եմ սա իսկապես հաջողված ծրագիր է: Ես այցելեցի այդ «թեժ գծի» զանգերի կենտրոն, խոսեցի այն մարդկանց հետ, ովքեր հաղորդել էին չարաշահումների և կեղծիքների մասին: Իսկ ինֆորմացիայի ավտոմատացումը օգնեց նախարարությանը մաքրել ցուցակները և դրանցից հեռացնել այն մարդկանց, ովքեր իրավունք չունեին նպաստներ և թոշակներ ստանալ, կամ, ասենք, վաղուց մահացած էին, սակայն ինչ-որ մեկը նրանց փոխարեն շարունակում էր ստանալ այդ թոշակը: Այս ծրագրի շնորհիվ նախարարությունը կարողացավ այնքան գումար խնայել, որ նրանք կարողացան անցած երկու տարիների ընթացքում 15 տոկոսով բարձրացնել թոշակները՝ առանց բյուջեով հատկացումներն ավելացնելու: Կարծում եմ դա մեծ հաջողություն էր, և դա ինձ համար ապացույց է, որ եթե հայաստանցիներին տրվում է կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, նրանք դա անպայման կօգտագործեն:

«Ազատություն»․ - Պարո՛ն դեսպան, Միացյալ Նահանգներում մեր սփյուռքը ուշադրությամբ հետևում է հայաստանյան զարգացումներին: Նրանցից ոմանք կցանկանային գալ և ներդրումներ անել այստեղ: Ի՞նչ կարող եք ասել նրանց: Արդյոք, Ձեր կարծիքով, պայմանները կբարելավվեն, և արդյոք Դուք նրանց հորդորում եք գալ և ներդրումներ անել այստեղ: Երբ Դուք վերադառնում եք ԱՄՆ, սովորաբար հանդիպումներ եք ունենում սփյուռքի ներկայացուցիչների հետ: Նրանց ուղղված Ձեր ասելիքը ո՞րն է:

Միլս․ - Իմ ասելիքը հետևյալն է․ Հայաստանը շարունակում է ներդրումների համար կարևոր վայր մնալ և ունի մի քանի ռազմավարական առավելություններ․ շատ կիրթ աշխատուժ, աշխարհագրական կարևոր դիրք՝ Արևելքի և Արևմուտի միջև: Բայց ես նաև ցանկացած ներդրողի, անկախ այն բանից՝ սփյուռքահայ է, թե ամերիկացի գործարար, ասենք՝ Միսիսիպիից, կասեի, որ նրանք պետք է ուշադիր լինեն, այլ կերպ ասած՝ հիշեն Ռոնալդ Ռեյգանի իմաստուն խոսքերը՝ «վստահիր, բայց ստուգիր»: Եվ նրանք պետք է համոզվեն, որ լավ են ճանաչում իրենց գործընկերներին: Նրանք պետք է աշխատեն մեզ հետ՝ դեսպանատան հետ: Մենք այստեղ ենք նրանց օգնելու համար, մենք այստեղ ենք, որպեսզի համոզվենք, որ նրանց համար հավասար հնարավորություններ են ստեղծված: Եթե նրանք գան այդպիսի տրամադրվածությամբ, կարծում եմ այստեղ կկարողանան շահույթ ստանալ և լավ առևտրային կապեր ստեղծել: Իսկ դրանից կշահեն մեր երկու երկրները:

«Ազատություն»․ - Դուք լավատես եք:

Միլս․ - Ես լավատես եմ, Հրայր, նաև այն պատճառով, որ տեսել եմ, թե ինչպիսի զարգացում է ապրել այս երկիրը: Ես հայաստանյան խնդիրներով եմ զբաղվել 25 տարի առաջ, և գիտեմ, թե ինչ վատ էր այստեղ իրավիճակը՝ առանց էլեկտրականության, առանց ջեռուցման: Ես գիտեմ, թե ինչերի է ընդունակ հայ ժողովուրդը: Հայաստանցիները մեծ դժվարություններ են հաղթահարել, այնպես որ, այո՛, ես լավատես եմ:

Ես չեմ ուզում անտեսել մարտահրավերները: Կոռուպցիան դրանցից մեկն է, կոռուպցիայի դեմ պայքարը՝ դրանցից մեկն է, բայց ինչպես ասացի՝ երեկ, օրինակ, ես հանդիպեցի բազմաթիվ հայ գործընկերների՝ քաղաքացիական հասարակությունից և կառավարությունից, ովքեր գիտակցում են այս խնդրի լրջությունը և ցանկանում են հաղթահարել այն, և սա ինձ լավատես է դարձնում:

«Ազատություն»․ - Դուք, փաստորեն, կարողացել եք նրանց հավաքել մեկ վայրում և ստիպել եք միասին ինչ-որ բա՞ն քննարկել:

Միլս․ - Դե՝ մենք հույս ունենք, որ ինչ-որ բան քննարկել են: Մենք նրանց հանդիպելու հնարավորություն տվեցինք, նրանք բոլորն էլ վայելեցին որակյալ ամերիկյան գինի, և կարծում եմ՝ դա զրուցելու տրամադրվածություն ստեղծեց: Մենք փորձում ենք որքան կարելի է հաճախ հանդիպելու հնարավորություններ ստեղծել նրանց համար: Վերադառնալով հակակոռուպցիոն խորհրդին՝ կարծում եմ դա կարևոր գործիք է, պետք է հնարավորություն տալ այդ խորհրդին, տեսնել, թե դա ինչ արդյունք կտա, և դա կարող է հետագա քննարկումների ձևաչափ դառնալ, եթե հակակոռուպցիոն խորհուրդը հաջողություններ արձանագրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG