Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն այսօր կբանակցեն Սոչիում


Ռուսաստան - Տեսարան Սոչիից
Ռուսաստան - Տեսարան Սոչիից

Բանակցությունների օրակարգում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է։

Մի քանի ժամից Սոչիում կսկսվեն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի բանակցությունները:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սոչի է ժամանում Բաքվից, որտեղ երեկ ողջ օրվա ընթացքում Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ քննարկում էր տարածաշրջանում ստեղծված կացությունը` նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Ղարաբաղյան խնդրի լուծման հետաձգումն անթույլատրելի է: Շատ սխալ է, որ ադրբեջանական հողերի մի մասը գտնվում է օկուպացված վիճակում և այդ փաստը որպես շարքային իրադարձություն է ընկալվում», - Բաքվում հայտարարել է Սինիրլիօղլուն` հավելելով․ - «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված կողմերից և ոչ մեկը չպետք է այս հակամարտությունը որպես սառեցված ընկալի: Սառեցված գործընթացը ցանկացած պահի կարող է պայթել»:

Ինչ վերաբերում է այսօր Սոչիում նախատեսված բանակցություններին, ապա դրանց օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ևս ընդգրկված է՝ մի շարք այլ տարածաշրջանային խնդիրների հետ միասին: Ռուսաստանյան աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները այսօր մի շարք տնտեսական թեմաներ են քննարկելու` մասնավորաբար «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի շինարարության հարցերը:

Չի բացառվում, սակայն, որ Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի բանակցությունները այսօր անցնեն փոքր-ինչ նյարդային մթնոլորտում: Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երեկ Անկարայում հնչեցրած հայտարարությունն է, որում Թուրքիայի Հանրապետության ղեկավարը թափանցիկ ակնարկներ էր հնչեցնում Մոսկվայի հասցեին` մեղադրելով ռուսական իշխանություններին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին սպառազինություն մատակարարելու համար:

«Որոշ պետություններ շարունակում են օդանավեր առաքել Սիրիա, աջակցություն ցուցաբերել [Ասադի վարչակազմին]: Բայց երբ սիրիացիները պատերազմի հետևանքով լքում են երկիրը, այդ երկու միլիոն փախստականները գալիս են Թուրքիա, նրանք Իրան կամ Ռուսաստան չեն փախչում», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG