Մատչելիության հղումներ

Վերոնայում կկատարվի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» ներկայացումը


ՀՀ ժողովրդական արտիստ Ռոդուլֆ Խառատյանը, արխիվ:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոդուլֆ Խառատյանը, արխիվ:

Ներկայացումը բեմադրել է բալետային պարարվեստի մեր անվանի ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը:

Մոտ մեկուկես տարի առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմեյստերի պաշտոնից հեռացած Խառատյանը ստեղծել է հայկական բալետային պարարվեստի զարգացման «Բալետ 20-21» հիմնադրամը, որի նախաձեռնությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ է սեպտեմբերի 29-ին Իտալիայի Վերոնա քաղաքում ներկայացվելու «Ամեն»-ը:

«Ազատության» հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ ներկայացման երաժշտությունը գրել է Արաքսյա Մուշեղյանը․ - «Սեպտեմբերի 23-ին Երևանում կներկայացնենք «Զույգ արեգակներ» բալետը և միանգամից կմեկնենք Վերոնա, որտեղ սեպտեմբերի 29-ին կներկայացնենք այս ներկայացում-շոուն, որը կպատմի ամբողջ հայ ազգի պատմությունը: Ես եմ ներկայացման և՛ բալետմեյստերը, և՛ ռեժիսորը․․․ Այնպես ենք արել, որ ցույց տանք ամբողջ հայ պատմությունը՝ հինգ հազար տարի առաջվանից մինչև էսօր: Ցույց տանք մեր անցած ճանապարհը՝ ընդգրկելով շատ հայտնի երգիչներ, երգչուհիներ՝ համաշխարհային աստղեր: Բեմադրության տևողությունը 1 ժամ 40 րոպե է, որից կես ժամը կլինի բալետայինը: Երգերով է պատմությունը ուղեկցվելու, էկրաններ պետք է ունենանք, շատ մեծ, որտեղ կցուցադրվեն մանրանկարչության գոհարներ, մեր ճարտարապետության, պատմամշակության հուշարձաններ․․․ Հայոց պատմությունն է, բայց շատ միջազգային լեզվով, համաշխարհային լեզվով ստեղծված, որ հասկանալի լինի հանդիսատեսին»:

Բեմադրությանն իրենց մասնակցությունն են բերելու այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Ջուլիետա Գալստյանը և այլ նշանավոր հայ երգիչներ: Նրանց հետ միասին հանդես են գալու նաև իտալացի երաժիշտներ, երգիչներ՝ ամերիկացի անվանի դիրիժոր, աշխարհի լավագույն նվագախմբերը ղեկավարած Ջոն Ֆիորեի գլխավորությամբ:

Հարցին, թե արդյոք այդ բեմադրությունը ներկայացնելու են Հայաստանում, Խառատյանը պատասխանեց․ - «Հնարավոր է․․․ Նրանք մտադրություն ունեն ոչ միայն Իտալիայում ներկայացնենք, այլ ամբողջ աշխարհով այս շոու-ներկայացումը շրջի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG