Մատչելիության հղումներ

Մարտի Ահտիսաարի. «Ռուսաստանը դեռ 2012-ին էր առաջարկում հեռացնել Բաշար Ասադին»


Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կոֆի Անանի հետ, արխիվ
Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կոֆի Անանի հետ, արխիվ

«Սիրիական վարչակազմը միակ ուժն է, որն արդյունավետորեն պայքարում է ԻՊ-ի դեմ»,- ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ասադը նաև նշել է, որ «Իսլամական պետության» զինյալների դիրքերին օդային հարվածներ հասցնող ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները որևէ կապ իր կառավարության հետ չեն հաստատել:

«Սիրիայի և Միացյալ Նահանգների իշխանությունների, կամ երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման կամ կապի գեթ մեկ դեպք չի եղել: Դրա պատճառը մեկն է` ամերիկացիները չեն կարող խոստովանել, որ «Իսլամական պետության» դեմ ռազմի դաշտում մարտնչող միակ ուժը մենք ենք: Ամերիկացիները դրանով կճանաչեն մեր ուժերի գործողությունների արդյունավետությունն ընդդեմ ԻԼԻՊ-ի»,- նշել է Ասադը:

Սիրիայի նախագահի այս հայտարարությունը ռուսական հեռուստաալիքները հեռարձակեցին նույն օրը, երբ Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը կոչ արեց մի կողմ դնել տարաձայնություններն ու համագործակցել Ասադի վարչակազմի հետ:

Արևմուտքը, մասնավորաբար՝ Միացյալ Նահանգները, արդեն իսկ հայտարարել է, որ կտրականապես դեմ է Ասադի հետ համագործակցելու գաղափարին:

Պաշտոնական Մոսկվայի աջակցությամբ է, թերևս, բացատրվում ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ողջ ընթացքում Բաշար Ասադի դրսևորած ինքնավստահությունը:

Russia Today հեռուստաալիքի արաբական խմբագրությանն, օրինակ, Ասադն ասում էր․ - «Նախագահները իշխանության են գալիս ժողովրդի հավանությամբ` ընտրությունների միջոցով: Նրանց չեն նշանակում Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Ժնևի կոնֆերանսը կամ Ժնևի հռչակագիրը: Եթե ժողովուրդը աջակցում է այդ նախագահին, նա պաշտոնավարում է: Եթե չի աջակցում, նա շատ արագ հեռանում է ասպարեզից»:

Սիրիական պատերազմի արդեն չորրորդ տարում, մինչդեռ, պարզվում է, որ դեռևս 2012 թվականին պաշտոնական Մոսկվան պատրաստ էր օգտագործել իր ազդեցությունը` Բաշար Ասադին նախագահի պաշտոնից հեռացնելու համար: Այս մասին բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում երեկ պատմել է Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և մի շարք հակամարտությունների կարգավորման ճարտարապետ համարվող Մարտի Ահտիսաարին:

«2012 թվականի փետրվարին ես Նյու Յորքում հանդիպում էի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող պետությունների ներկայացուցիչների հետ: Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը անսպասելիորեն ինձ ներկայացրեց սիրիական կարգավորման երեք կետից բաղկացած մի պլան:

«Առաջին` մենք չպետք է զինենք ընդդիմությանը, երկրորդ` պետք է երկխոսություն նախաձեռնենք իշխանության և ընդդիմադիրների միջև, և երրորդ` Ասադին հեռացնելու մի որևէ նուրբ ձև գտնենք», - ռուսաստանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Մարտի Ահտիսաարին` խոստովանելով․ - «Ես այն աստիճան ապշած էի, որ խնդրեցի Չուրկինին մեկ անգամ ևս կրկնել այդ ամենը»:

«Ես որևէ կասկած չունեի, որ սա Կրեմլի ծրագիրն էր, քանի որ Չուրկինը նոր էր վերադարձել Մոսկվայից: Ես ռուսական կողմի առաջարկը փոխանցեցի ամերիկացիներին, ֆրանսիացիներին և բրիտանացիներին: Որևէ արձագանք, սակայն, չհետևեց», - Guardian-ի թղթակցին ասում է Ֆինլանդիայի նախկին նախագահը՝ նման պահվածքին շատ պարզ բացատրություն տալով. - «2012 թվականին բոլորին թվում էր, որ Ասադը մի քանի շաբաթից կտապալվի, և որևէ քայլի դիմելու կարիք չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG