Մատչելիության հղումներ

MetroPoll. Էրդողանի ժողովրդականությունն ընկնում է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, օգոստոս, 2015թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, օգոստոս, 2015թ․

Ըստ սոցիոլոգների, չնայած վերջին շրջանի ճնշումներին՝ քրդամետ կուսակցությունը ի վիճակի է կրկնել հունիսին գրանցած հաջողությունը:

Թուրքիայի արևելքում քրդերի հետ չդադարող արյունալի բախումների ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ժողովրդականությունն անկում է արձանագրում: Սա են վկայում Թուրքիայում գործող ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` MetroPoll-ի վերջին հետազոտության արդյունքները:

Սեպտեմբերի 2-5-ը ավելի քան 2․5 հազար շարքային քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ այսօր Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը հավանության չի արժանացնում Էրդողանի գործունեությունը: Սոցիոլոգների հավաստմամբ՝ այսօր թուրքերի 54 տոկոսին Էրդողանի գործունեությունը երկրի նախագահի պաշտոնում չի գոհացնում: Հարցվածների մոտ 38 տոկոսի համոզմամբ, սակայն, նրա առաջին տարին նախագահի պաշտոնում բավական հաջողված էր:

Ուշագրավ է, որ Էրդողանի ժողովրդականության անկմանը զուգահեռ՝ նրա զինակիցներից կազմված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշակիորեն բարելավել է իր վարկանիշը: MetroPoll-ի տվյալներով՝ այսօր երկրի իշխող կուսակցությանն աջակցում է չափահաս բնակչության 41․5 տոկոսը․ դա կես տոկոսով ավելին է, քան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում թուրք իսլամիստներն առաջին անգամ 2002 թվականից ի վեր կորցրեցին միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունքը:

«Չնայած այս աճին, այդուհանդերձ, քիչ հավանական է, որ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրություններում «Արդարություն և զարգացում»-ը կարողանա միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ թվով քվեներ ստանալ», - CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարել է MetroPoll սոցիոլոգիական ծառայության ղեկավար Օզեր Սենջարը:

Նրա խոսքով՝ պատճառը ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշներն են, որոնք գրեթե նույնությամբ կրկնում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները: Թուրքիայի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 1-ին կարող է ստանալ քվեների ավելի քան 27 տոկոսը` հունիսին արձանագրած 25 տոկոսի դիմաց: «Ազգայնական շարժում» կուսակցությունը, թուրք սոցիոլոգների պնդմամբ, կարող է հավականել ընտրողների ձայների 15 տոկոսին: Ինչ վերաբերում է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, ապա այն, ըստ MetroPoll-ի մասնագետների, չնայած վերջին շրջանի ճնշումներին՝ լիովին ի վիճակի է կրկնել հունիսի 7-ի ընտրություններում արձանագրած հաջողությունը, ստանալով քվեների 13 տոկոսը:

Եթե թուրք սոցիոլոգների այս կանխատեսումները իրականություն դառնան, ապա թուրք իսլամիստները երկրորդ անգամ մեկ տարվա ընթացքում չեն կարողանա միակուսակցական կառավարություն ձևավորել` ստիպված լինելով կրկին կոալիցիոն բանակցություններ սկսել ընդդիմության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG