Այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը կես տարով երկարաձգեց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի կալանքի ժամկետը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է փաստաբան Մարկ Ֆեյգինը։
Դատական լսումներին ժամանել են Եվրամիության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ Նրանք նախատեսում են հետևել դատավարության ողջ ընթացքին։
Փաստաբանները վստահ են, որ դատարանի վճիռը մեղադրական կլինի, սակայն նշում են, որ կանեն հնարավորը՝ ապացուցելու Սավչենկոյի անմեղությունը։ Փաստաբանները կասկածներ չունեն, որ վճիռն արդեն գրված է, և օդաչուն կդատապարտվի առավելագույն ժամկետով, սակայն հույս ունեն, որ նման պարագայում Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշումները կմեծանան, և վաղ թե ուշ Սավչենկոն ազատ կարձակվի։
Ուկրաինացի օդաչուն ռուսական բանտում է անցյալ տարվանից։ Նա մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի հատելու մեջ: Սավչենկոն կտրականապես հերքում է ռուս իրավապահների պնդումները և հայտարարում, որ Ռուսաստանն իրեն կալանավորելու և դատապարտելու իրավունք չունի:
Սավչենկոն Ուկրաինայի առաջին կին ռազմական օդաչուն է: Նա կամավորագրվել էր՝ մասնակցելու Դոնբասում Մոսկվայի աջակցությունը վայելող անջատականների դեմ կռվին: 2014-ի հունիսի կեսերին նրան գերեվարել են անջատականները Լուգանսկի շրջանի Մետալիստ գյուղի մոտակայքում: Օդաչուն այդտեղ էր ուկրաինացի զինծառայողներին փրկելու առաքելություն իրականացնելու նպատակով:
Հունիսի 19-ին անջատականները մի տեսանյութ հրապարակեցին, որում օդաչուն, ձեռնաշղթաներով երկաթե խողովակին կապված, հարցաքննության է ենթարկվում:
Սավչենկոյի փաստաբանների հավաստմամբ՝ նրա հեռախոսազրույցների ձայնագրություններն ու առկա տեսանյութերը ապացուցում են, որ օդաչուն արդեն իսկ գերության մեջ է եղել, երբ լրագրողները զոհվել են: Սավչենկոյին մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում: