Նախնական վարկածով Արագածոտնի մարզի 9 համայնքում աղիքային ինֆեկցիայի բռնկման պատճառը խմելու ջուրն է: Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պողոսյանը:
Առաջիկա օրերին կստացվի լաբորատոր քննության եզրակացությունը ու պարզ կդառնա, թե որն է ինֆեկցիայի բռնկման հիմնական պատճառը:
Մարզի 9 համայնքից հոսպիտալացվել էր 25 երեխա: Նրանց վիճակը հիմա բավարար է, ասում է Թալին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ազնիվ Թորոսյանը:
Զարինջայում և հարակից 8 գյուղերում հերթապահություն էր սահմանված: Այսօր գյուղերից և ոչ մեկից նոր հիվանդի մասին տեղեկություն չէր ստացվել: