Մատչելիության հղումներ

Եվրամիության ներքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում


Փախստականների հոսքի կապակցությամբ Գերմանիայի ոստիկանությունը ստուգում է A8 մայրուղով Ավստրիայից մուտք գործող ավտոմեքենաները, Բադ Ռայխենհալ, 14-ը սեպտեմբերի, 2015թ.
Փախստականների հոսքի կապակցությամբ Գերմանիայի ոստիկանությունը ստուգում է A8 մայրուղով Ավստրիայից մուտք գործող ավտոմեքենաները, Բադ Ռայխենհալ, 14-ը սեպտեմբերի, 2015թ.

Եվրոպական միության ներքին գործերի նախարարները Բրյուսելում գումարած արտակարգ ժողովում քննարկում են փախստականների հարցը։

Նախօրեին Գերմանիան վերահսկողության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի հետ սահմանին, քանի որ հենց այդ երկրից է գալիս փախստականների հիմնական ալիքը։

Ամեն օր հազարավոր փախստականներ մոտենում են Իտալիայի, Հունաստանի և Հունգարիայի սահմաններին։ Եվրամիության նպատակն է ամեն երկրի համար հաշվարկված չափաբաժնով առաջիկա երկու տարում ապաստան տալ 160 հազար փախստականների։

Այս տարի արդեն մոտ կես միլիոն փախստական է ժամանել Եվրոպա։ Միայն անցած կիրակի օրը 5809 փախստական է հասել Հունգարիա։ Այդ երկիրն ընդունել է օրենք, ըստ որի ապօրինի եղանակով սահմանը հատողները վաղվանից կբանտարկվեն։

Փախստականների գերիշխող մասը փորձում է ապաստանել Գերմանիայում, որտեղ նրանց համար առավել բարենպաստ սոցիալական պայմաններ են ապահովում։ Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհոֆերը երեկ ասել է, թե ուրախ է, որ երկրամասը խստացրել է սահմանի հսկողությունը։

Զիհոֆերի համոզմամբ, ամբողջ Եվրոպական միության արտաքին սահմանների հսկողությունն անհրաժեշտ է խստացնել և այդ հարցում պետք է համագործակցել, մասնավորապես, Հունգարիայի հետ, քանի որ առանց այդ երկրի խնդիրը չի լուծվի։

Մյունխենը, որը փախստականների հիմնական թիրախն է, այլևս չի դիմանում այդ հոսքին։ Սեպտեմբերի 12-ին ավելի քան 13 հազար միգրանտ է ժամանել Բավարիայի երկրամասի մայրաքաղաք։ Հաջորդ օրն առավորտյան ևս 700 մարդ է հասել։ Նրանք Գերմանիա են մեկնում Հունաստանից, Մակեդոնիայից, Սերբիայից, Հունգարիայից և Ավստրիայից։

«Մենք այլևս հասել ենք լիմիտի բարձրագույն շեմին և նոր խմբեր ընդունել չենք կարող»,- ասել է Բավարիայի ոստիկանության խոսնակը։

Գերմանիայում լույս տեսնող Bild պարբերականի փոխանցմամբ, իշխանությունը կարող է պարզապես վերականգնել առնվազն Ավստրիայի հետ սահմանը։ Պաշտոնական Բեռլինն այդ հարցի վերաբերյալ դեռ որևէ մեկնաբանություն չի տվել։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը երեկ ասել է, որ միգրանտներին պետք է ուղարկել Եվրամիության տարբեր երկրներ` հաշվի չառնելով նրանց ցանկությունը։

«Ապաստանի տեղի որոշման հարցում միգրանտն ընտրության ազատություն չի կարող ունենալ», - ասել է նախարարը։

Այս պահին միգրանտների մեծ մասին ժամանակավոր տեղավորում են Մյունխենի Օլիմպիահալլեում․ դա մարզական համալիր է, որտեղ 1972 թվականին տեղի է ունեցել Ամառային օլիմպիադան։

Այսօր Սլովակիան վերականգնել է անցակետերը Հունգարիայի և Ավստրիայի հետ սահմաններին։

Այսօր խնդրին է անդրադարձել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ «Ես նշանակում եմ հատուկ նախարար, նա կզբաղվի սիրիացի միգրանտներով: Մենք պարտավորվում ենք առաջիկա հինգ տարում ապաստան տալ 20 հազար մարդկանց: Մենք նրանց պետք է ջերմ ընդունենք մեր երկրում», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG