Մատչելիության հղումներ

«Առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ»


ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան այսօր առավոտյան ցրելու վերաբերյալ՝ նշելով․ - «Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, մի քանի ժամ շարունակել են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը»:

«Ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին 6 (վեց) ժամ ժամանակ է տրամադրել՝ իրենց պահանջը հնչեցնելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար, այնուհետև, հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել Ազատության հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել է, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով», - նշվում է հայտարարությունում:

Եզրափակելով՝ ոստիկանությունը փաստում է․ - «Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության նաև այս պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG