Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բնական է համարել


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

«Դա բիզնես է, Ռուսաստանը զենք արտադրող երկիր է»,- BBC-ի ռուսական ծառայությանն ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բնական է համարել, քանի որ դա բիզնես է, Արևմուտք-Ռուսաստան պատժամիջոցների կապակցությամբ նշել է, որ հարցեր չեն լուծվում, իսկ Եվրամիության հետ Հայաստանը հարաբերությունները կզարգացնի այնքանով, որքանով թույլ կտան Եվրասիական տնտեսական միությունում ստանձնած պարտավորությունները։

Այս երեք հիմնական շեշտադրումներն է կատարել սեպտեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Էդվարդ Նալբանդյանը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։

Նալբանդյանը ասում է, որ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է Ռուսաստանի հետ և զենք գնում, ստանում այդ երկրից, դրա մեջ նորություն չկա։

«Իսկ որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրներին, դա հավանաբար նույնպես բնական է, որովհետև Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, զենքի շուկայում շատ ակտիվ ներկայություն ունի»,- ասել է Նալբանդյանը՝ միաժամանակ հավելելով.- «Ասել, թե մեզ շատ է դուր գալիս, որ զենքը Ադրբեջանն է ձեռք բերում, իհարկե, ոչ, անտարակույս, ոչ, բայց հավանաբար սա բիզնեսի հարցեր են, առևտրի հարցեր են»։

Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ հարաբերությունները դաշնակցային անվանելը շատ բան է նշանակում։

BBC-ի լրագրողը փորձում է պարզել, թե արդյոք Հայաստանի համար եվրաինտեգրման ճանապարհը փակված է։ Նալբանդյանը կրկնում է մինչ այժմ պաշտոնական Երևանից հնչած տեսակետները՝ առաջին հերթին նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին։ Նա նաև ասել է, որ այն, ինչը չի հակասի ԵՏՄ-ում և այլ ինտեգրացիոն միություններում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ապա Հայաստանը պատրաստ է առավելագույնը զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ։

Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի, Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հարցում։ Էդվարդ Նալբանդյանը նշում է.- «Ուկրաինայի իրադարձություններին մենք վերաբերվում ենք ցավով։ Ուկրաինայում շատ հայեր են ապրում, համարյա կես միլիոնանոց համայնք կա, իսկ ասել, թե ինչ դիրքորոշում կա, ում մեղադրել, ում աջակցել, դա կարգավորման ճանապարհ չէ։ Ես չեմ կարծում, թե պատժամիջոցների ճանապարհով կարելի է հարցեր լուծել։ Հարցերը պետք է լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Սա ցանկացած հակամարտության և միջազգային ասպարեզում առաջացած տարաձայնությունները լուծելու լավագույն մեթոդն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG