Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:
Ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ այս կարևոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Այսօր առաջին մրցափուլում Արոնյանը սպիտակներով խաղում է լյուքսեմբուրգցի Միքայել Վիդենկելլերի, Սարգսյանը սևերով՝ Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բարտելի, Մելքումյանը սևերով՝ ամերիկացի Գատա Կամսկիի և Տեր-Սահակյանը սպիտակներով՝ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարի մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են երկու պարտիա՝ սպիտակ և սև խաղաքարերով։ Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ՝ արդեն արագ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կայծակնային խաղի կանոններով, մինչև որոշվի հաղթողը։ Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս կմնա հետագա պայքարից:
Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը 2005 թվականի աշխարհի գավաթակիրն է: