Մատչելիության հղումներ

Մոսկվան վաղ է համարում Սիրիայում մարտական գործողություններին միջամտելը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Հենց Սիրիան է այսօր հիմնականում պայքարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ», - ասել է Լավրովը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոստացել է ճշտել, թե արդյոք սեպտեմբերի 17-ին Ռուսաստանը մտադիր է ռազմածովային զորավարժություն անցկացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Սիրիայի ափերի մոտ։

Զորավարժությունների մասին լուրը տարածել է Միացյալ Նահանգները՝ վկայակոչելով քաղավիացիայի հաղորդագրությունը։ Ըստ հաղորդագրության, Ռուսաստանը զգուշացրել է համապատասխան ավիաընկերություններին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին մտադիր է զորավարժություններ անցկացնել։ Այս զորավարժությունների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին։

Նշենք, որ երեկ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր արևմտյան մամուլում տարածված տեղեկությունը, որ Սիրիայում այսօր կան ռուսաստանցի զինվորականներ։ «Սիրիայում կան ռուսաստանցի զինվորականներ, նրանք այնտեղ են, որովհետև Ռուսաստանը սպառազինություն է տրամադրում Սիրիայի բանակին։ Հենց Սիրիան է այսօր հիմնականում պայքարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ», - երեկ Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մոսկվան, սակայն, ընդգծում է, թե դեռ վաղ է խոսել այն մասին, որ Ռուսաստանը կմիջամտի մարտական գործողություններին Սիրիայում։

Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի հարցում վաղուց հայտնի է. Կրեմլը միշտ աջակցել է Բաշար ալ-Ասադի ռեժիմին և բազմիցս հայտարարել, որ թույլ չի տա, որպեսզի Սիրիայում կրկնվի Լիբիայի սցենարը։

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում կեսդարյա պատմություն ունի. 1956 թվականին Սովետական Միությունը, Սիրիայի իշխանությունների խնդրանքով, այդ երկիր է ուղարկել զինվորականներ, և տարբեր ժամանակահատվածներում ռուսական զորքերի թիվը Սիրիայում հասել է մինչև 8 հազարի։

Վերջին շաբաթներին արևմտյան և արաբական մամուլը ահազանգում է, որ Ռուսաստանը մեծ թվով զինվորականներ և ռազմական տեխնիկա է կուտակում Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG