Մատչելիության հղումներ

ՀԱԿ. Սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»-ի ամբողջ այս ռեժիմին


Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները և Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաև սեզոնային աշխատանքի մեկնող բազմահազար քաղաքացիներին: Այդ մասին այսօր հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)՝ հավելելով, որ վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին:

«Պաշտոնական վիճակագրական վերջին տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4 տոկոսով, գործազրկությունը հասել է 20 տոկոսի, բնակչության 32 տոկոսը համարվում է աղքատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40 տոկոսով, շարունակվում է ՀՆԱ-ի կառուցվածքում կուտակման բաժնի զգալի կրճատումը (ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա կդրսևորվի առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում): Ամբողջ Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագաղթի տեմպերը», - ասված է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում:

ՀԱԿ-ը նշում է, որ Հայաստանի տնտեսության այս վիճակը և նրա խոցելիությունը միջազգային տնտեսական միտումների հանդեպ առաջին հերթին հենց իշխող ռեժիմի կառավարման արդյունք են։

Ըստ կուսակցության, իրավիճակն է՛լ ավելի է սրվում այն պատճառով, որ «երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները»:

«Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, իշխանությունները զերծ են մնալու տնտեսության աջակցության որևէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը, է՛լ ավելի ծանրացնելով տնտեսվարողների առանց այդ էլ կործանարար վիճակը», - պնդում է ՀԱԿ-ը՝ հավելելով․ - «Ըստ վարչախմբի ծրագրերի, սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության և բնակչության կենսամակարդակի անկումը այլևս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Փույթ չէ, որ մի քանի ամիս ժամանակ կորցնելու և արտաքին պահուստները էապես նվազեցնելու հետևանքով դրամի արժեզրկումը ձեռք կբերի անվերահսկելի բնույթ, իսկ Հայաստանի բնակչությունն ու ամբողջ տնտեսությունը կկրեն հավելյալ միլիարդավոր կորուստներ»։

Ըստ կուսակցության, իշխանությունները ամեն գնով փորձում են պահել «մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ, այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահմանադրափոփոխությունը»։

«Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի և երկրի տնտեսության վրա, առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ և արտագաղթի նոր ալիք: Ուստի, հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»-ի ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG